Եթե ես կարողացա համոզել ձեզ, որ կյանքը ծիծաղ է, ուրեմն ճանապարհ բաց արեք, որ Պարոնյանը գա, և հայ գրականության մեջ իր արժանի տեղը գրավի:
Մենք թեև հինգ միլիոն ենք ընդամենը, բայց ունենք երկու երգիծաբան՝ Պարոնյանը և Օտյանը, այդ բավարար է մեզ և եթե պետք լինի, կարող ենք ծիծաղեցնել նաև ուրիշ ազգերի:
Մենք պետք է, որ երկու երգիծաբան ունենայինք: Հայ ազգը իր ծնված օրից այնքան է լացել, որ երկու երգիծաբան հազիվ կարող են ծիծաղեցնել նրան:
Երգիծաբանությունը, որպես գրական ժանր, կոպիտ է ու անքաղաքավարի: Առանց դուռը ծեծելու մտնում է մարդու տունը և հարկային տեսուչի անգթությամբ արձանագրում նրա թերությունները, չնայած նրան, որ տանուտերը երդվում-պատառ է լինում համոզելու համար, որ ինքը պակասություն չունի:
Հայ ազգը ունի բազմաթիվ գրողներ, որոնք բոլորն էլ միևնույն իրավունքը չեն վայելում ընթերցողի մոտ: Գրողներ կան, որ պիտի ծեծեն ընթերցողի դուռը ու մինչև ներսից «մտեք» չլսեն, իրավունք չունեն նրա դուռը բանալ ներս մտնել:
Իսկ Պարոնյա՞նը:
Պարոնյանի համար ոչ դուռ գոյություն ունի, ոչ պատուհան: Նա կարող է երդիկից իջնել ընթերցողի վրա:
Եթե ընթերցողի տունը այնքան նեղ է, որ մեկ հոգի միայն կտանի՝ տանտերը Պարոնյանին ներս կխոթի՝ ինքը կելնի դռանը կնստի:
Եվ դուռն ու պատուհանն էլ կփակի վրան, որ չփախչի:
Ահա այսպես է Պարոնյանը, որ անմահ է:
Ահա այսպես է, որ մեր գրականության մեջ նա «ամեն տեղ է», ինչպես Աստված, երբ գոյություն ուներ՝ «ամեն տեղ» էր...