- Ընկերնե՛ր, կար ժամանակ, երբ կկարծեին, թե լեզվին և ուղղագրական կանոններուն ձեռք տալ չի կարելի։ Մենք, սակայն, 22 թվին ձեռք տվինք ու աշխարհը չքանդվեց. 25 թվին նորեն ձեռք տվինք ու նորեն չքանդվեց, ատկե քաջալերված սկսեցինք ամեն տարի ձեռք տալ ու փոխել հայոց լեզվի ուղղագրությունը։ Եվ իրոք։ Հունաստանն ու Հայաստանը միևնույն վիճակակից հին ազգեր են, երկար տարիներ տաճկական բռնակալության տակ տառապած։ Ինչո՞ւ մեկը հի-ով գրվի, մյուսը՝ հո-ով։ 22 թվին մենք ընդունեցինք Մանուկ Աբեղյանի ուղղագրությունը և Հունաստանն ու Հայաստանը հավասարապես հո-ով գրելով՝ ստիպեցինք հի-ին լռել ու բոլորովին ձայն չհանել բառի սկզբին ու թույլ տալ, որ հո-ն ձայն հանե։ Իսկ հի-ն, որպեսզի պարապ չնստի տուն, կարգադրեցինք “Երևան” և բոլոր եչ-ով սկսվող բառերուն կցվել և կիսաձայն հանել։
Բայց մենք ընդունելով անկուսակցական գիտնական Մանուկ Աբեղյանի ուղղագրությունը վիրավորած եղանք շարք մը կոմունիստ և մեր կուսակցության նվիրված լեզվաբաններու, որոնք նույնպես կուզեին խառնել քիչ մը մեր լեզուն։ Այդ նորընծա լեզվաբաններուն չվհատեցնելու և ընդհակառակը, քաջալերելու համար հինգ տարի ետքը մեր քերականությունը բացինք Արարատ Ղարիբյանի առջև՝ ուզածին չափ խառնելու համար։ Երբ ալեկոծությունը դադրեցավ հայ քերականության մեջ՝ հետզհետե Սևակին , ապա ոչինչ չիմանալու պրոֆեսոր Գևորգ Աբովին ու Հովիկ Մելիքյանի տրամադրության տակ դրվեցավ։ Հրապարակեն անհետանալով ստատիկ հայ քերականությունը՝ երկու տող բան գրող մը գրիչը ձեռք վերցնելով ստիպված էր հեռախոսով հարցունել ինֆորմբյուրոյին՝ թե այսօր հացը հի-ո՞վ կգրվե, թե հո-ով։ Եվ օրական երկու անգամ. վասնզի շատ ժամանակ առտվնե մինչև կեսօրին առանձին ուղղագրական կանոն կկիրառվեր մեր լեզվին մեջ, կեսօրեն մինչև իրիկունն՝ այլ։ Չէր բացառված գիշերային ու ցերեկային ուղղագրությունը։ Մեր կուսակցությունն, որուն ողջ իմաստը իր հեղափոխության մեջ էր, քաջալերեց այս լեզվային հարաշարժությունը և ահա սա քսանհինգ տարի մեր լեզվին օրորոցը կորորվի՝ առանց քուն բերելու հայ լեզվին։
Հայերեն լեզվի բառարանը երկար ժամանակ կուզեր երկու ռուս բառի հրավեր սարքել՝ բայց բառարանում տեղ չկար։ Այդ պատճառով Լուսժողկոմատն հանեց ու դեն շպրտեց մեր բառարանեն “խորհրդային” ու “հեղափոխություն” բառերը և անոնց տեղ հրավիրեց Ռուսաստանեն “սովետական” եւ “ռևոլուցիա” բառերը։ Հյուրասիրություն մը, որ եթե այս ընթացքով շարունակվի՝ հույս ունենք, որ հայ բառեր միայն հին տապանաքարերու վրա պիտի կարդանք։ Եվ այդ լավ է։ Ռուս լեզուն այն լեզուն է, որով կխոսի մեր առաջնորդ ընկեր Ստալինը, մեր Աստվածը։ Չամչյանի “Հայոց պատմության” մեջ Աստված հայ լեզվով է խոսեր։ Ներկա աստված ռուսերեն կխոսի՝ մենք պետք է սովորենք խոսել այդ աստվածային լեզվով։ (Բուռն երկարատև ծափ )։
Հատված «Պլենում» ծաղրախաղից, 1945թ.
Լեռ Կամսար