Դեկտեմբերի 15. – Մտովին դիմում կուտամ արդարադատությանը, անոնց, որոնց կարգադրությամբ բանտարկված եմ։
- Ընկերնե՛ր, հարգելի ընկերներ, ես հրաժարած եմ ինծմե։ Ես մեծատան ծխողի մը նման բացեր եմ պապիրոսիս տուփը ձեր առջև։ Վերցուցեք իմ էութենես որքան պետք է ձեզ։ Վերցուցեք բոլորը, ես այլևս պետք չեմ ինծի։ Միայն...Միայն... շատ փոքրիկ հայր մը թողեք երեխաներուս համար։ Նաև՝ եթե հնար է, պզտիկ ամուսին մըն ալ կնոջս համար։ Ուրիշ ոչինչ. մնացյալ բոլորը ձեզ, միայն ձեզ...
------
Այսօր ինչո՞ւ համատարած տխրություն է կամերին մեջ։
Օր կա ամբողջովին խոսք է, առանց կետադրության. օր ալ կա, որ միայն կետադրություն է առանց խոսքի, առանց կենդանության...
Ու այս երկուսը այնպես կհաջորդեն զիրար, ինչպես դողն ու տաքությունը մալարիային։

Դեկտեմբերի 19.- Այսօր երեք հոգի մեզմե կեդրոնական բանտը տարան աքսորելու համար։ Երեք ազատ տեղ բացվեցավ, ըսել է, մեր կամերին մեջ։ Սպասելու է նոր հանցավորներ։
Շատ հետաքրքիր է տեսնել կալանավորին, երբ առաջին անգամ բանտը ներս կիյնա։ Ոմանք անանկ մը կմտնան, ըսես երկար ժամանակ բանտին դուռը փնտռելով հազիվ են գտեր՝ այնքան ուրախ ցույց կուտան իրենց։ Հետո միայն, նայած մարդուն՝ մեկը անոնցմե տասը րոպե հետո կքաշե իր «ա՜խը», մեկը՝ քսան րոպե հետո, մեկը՝ քսանհինգ և այլն։ Կան, որ մտնալուն պես կքաշեն, կան ալ, որ քաշելով կմտնան այնքան երկար «ախ», որ դուռը փակվելուն կեսեն ավելին դուրսը կմնա։
Ես իմ «ախը» ամբողջովին դուրսը, բաց երկնքին տակը քաշեցի։ Իմ «ախը» բանտի փոքր օդին մեջ քաշվելիք «ախերեն» չէ։ Իմ «ախին» օ՜դ է հարկավոր, օ՜դ...
------
Արդեն երեկո է ու նոր հանցավոր չկա։ Հավատա՞նք, որ երկիր մը կարող ըլլա ողջ օրվա մը մեջ բոլորովին հանցանք չգործել։
Մեկը եթե այսքանը զսպել կարողանա ինքզինքը՝ ծխելը կրնա թողնել հեշտությամբ...

Լեռ Կամսար, «Բանտիս օրագիրը», 1935թ.(շարունակելի)