Օրագիր. օր 21

Այսօր աշխատանքային օրս սկսեցի 2014 բյուջեն ուսումնասիրելով և հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստանում 18 նախարարությունը շռայլություն է: Բազմաթիվ են տողերը, որ ծախսի անվանումը մեկ բան է հուշում, սակայն այն հատկացված է մեկ այլ նախարարության: Այս ամենին գումարվեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը, իր նոր գործարույթներով:

 


Ուղղակի համոզված եմ, որ կառավարության կազմը պետք է վերանայվի, քանի որ նախարարությունները իրենց գործառույթներով համընկնում են և իմաստ չունի այդքան նախարար պահել ու այդքան նախարարություն ունենալ, որոնք էլ իրենց հերթին լրացուցիչ ծախս են բյուջեյի համար:

 


Քոչարյանի պարագայում հասկանալի էր: Կոալիցիոն կառավարություն էր ստեղծել և ստիպված նախարարություններն էր ավելացրել, որ նախարարի ու փոխնախարարների պաշտոններով պահեր իր իշխանությունը: Բա Ս. Սարգսյանը ինչ մտածելու բան ունի: Կառավարությունն էլ է միանձնյա իրանը, ԱԺ մեծամասնությունն էլ: Ինքը փողի խնդիր ունի, իսկ նվազեցնելով կտնտեսի ու փող կլինի:
Այսօր խոսել եմ նաև մի քանի խմբագրերի հետ: Տպավորությունը այն է, որ դռնապանները, առանց ղեկավարին տեղեկացնելու, որոշում են կայացնում և վնասում կառույցի հեղինակությանը: Ինչ էլ որ եղած լինի, եթե ենթական կարող է որոշում կայացնել և վնասել կառույցին, ապա ես դրանում մեղադրում եմ միայն ղեկավարին:
Հաջորդ հարցը, որ իմ ուշադրության կենտրոնում էր, դա երթուղիների և ուղևորափոխադրման թանկացման հարցն է:

 


Այս հարցի մասին կգրեմ առանձին, ոչ իմ օրագրում և կկիսվեմ իմ ուսումնասիրություններով:
Փորձեցի նայել Համահայկական հիմնադրամի դրամահավաքը: Նյարդես խնայելու համար փոխեցի ալիքը:
Ուրախ եմ, որ մարդիկ դեռ ուժ են գտնում իրենց մեջ և նվիրատվություններ են անում: Դա խոսում է նրա մասին, որ սփյուռքը սիրում է Հայաստանը ու չի հրաժարվում, բայց իմանալով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես ուղղակի չկարողացա նայել այդ շոուն: