ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ՈՒԳԱ գումարտակի ժամկետային զինծառայող, ՌԻ նվագախմբի զինվոր Դավիթ Խաչատրյանը սիրված է Ռազմական ինստիտուտի ողջ անձնակազմի կողմից: Ծառայության մեկ ու կես տարվա ընթացքում նա հասցրել է իր գեղեցիկ ձայնով, գրագետ երգով գրավել բոլորի սրտերը: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ինստիտուտում կազմակերպվող որևէ միջոցառում առանց Դավիթի անմիջական մասնակցության: Դավիթը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում: Երգի հանդեպ սերն ու երգելու ունակությունները նրա մոտ դրսևորվել են վաղ հասակից: Դեռևս դպրոցական տարիներին Դավիթը մասնակցել է մի շարք փառատոների, որոնցից առանձնացնում է «Կռունկ-2002»-ը, իսկ երգի ասպարեզում առաջին լուրջ հաղթանակը համարում է Բրյանսկում ԱՊՀ շրջանակներում կազմակերպված փառատոնում շահած երկրորդ մրցանակը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո Դավիթը եկել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու:

Քիչ չեն Դավիթի հաղթանակները նաև ծառայության ընթացքում. 2011 թվականին նա «Բազե» երիտասարդական համահայկական հավաքում հանդես է եկել Ռազմական ինստիտուտը ներկայացնող կապույտ ճակատում և երգի մրցույթում հաղթանակ է բերել մեր թիմին: Ապա մասնակցել է «Նռնենի» միջբուհական երգի մրցույթին' շահելով երկրորդ մրցանակը: Դավիթն իր կարևորագույն հաղթանակներից է համարում հայոց բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված' «Ինձ բացակա չդնեք» խորագրով երգի, ասմունքի մրցույթում տարած հաղթանակը: Մրցույթին Դավիթը ներկայացել է Ռազմական ինստիտուտի «Հրաժեշտի երգով» (հեղինակ' ՌԻ նվագախմբի դիրիժոր, մայոր Ա. Գրիգորյան)' շահելով առաջին մրցանակը:

Դավիթը երգում է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) «Հայ երգասաններ» խմբում:

-Դավիթ, փոխվե՞լ է արդյոք պատկերացումդ հայրենասիրության մասին նախքան ծառայության գալը և այժմ, երբ արդեն ավարտում ես ծառայությունը:

-Միանշանակ փոխվել է: Նախքան ծառայության գալը ես էլի լավ էի հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը, ծառայությունից հետո էլ կաշխատեմ ազգօգուտ գործ կատարել, օգտակար լինել հայրենիքիս. սա էլ հայրենասիրության մի դրսևորում է: Սակայն ծառայության երկու տարիների ընթացքում, եթե կարելի է այսպես ասել, հայրենասիրությունն ավելի առարկայական իմաստ է ստանում, այդ ընթացքում հայրենասիրությունը դու ոչ թե զգում, այլ ապրում ես: Բանակում ծառայած յուրաքանչյուր օրդ հայրենասիրություն է:

-Ի՞նչ տվեց քեզ ծառայությունը, միգուցե այս ընթացքում քաղաքացիական կյանքում ավելի շատ բան կհասցնեիր անել, ունե՞ս կորցրածի զգացողություն:

-Երկու տարվա ընթացքում շատ բաների կարելի է հասնել, սակայն կյանքիդ երկու տարին պարտադիր պետք է նվիրես հայրենիքիդ և դա անես ոչ թե պարտադրանքով, այլ սիրով ու հպարտությամբ: Իմ բնավորության մեջ բավականին դրական գծեր են հստակեցվել ծառայության ընթացքում' հաստատակամություն, կոփվածություն' ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, ժամանակը ճիշտ տնօրինելու կարողություն: Այն, ինչ ձեռք ես բերում ծառայության երկու տարիների ընթացքում, ուրիշ ոչ մի տեղ չես կարող ստանալ, այնպես որ՝ կորցրածի զգացողության մասին խոսք լինել չի կարող:

-Որպես արվեստին մոտ կանգնած մարդ և որպես պարզապես հայոց բանակի զինվոր' բավարարում են քեզ Ռազմական ինստիտուտում կազմակերպվող մշակութային միջոցառումները:

-Ռազմական ինստիտուտում ամենատարբեր առիթներով, մասնավորապես՝ տոնական օրերին կազմակերպվող միջոցառումները ունեն բավականին բարձր մակարդակ և շատ հետաքրքիր են անցնում: Ես սա կարող եմ ասել և՛ որպես հանդիսատես, և՛ որպես միջոցառումների անմիջական մասնակից: Այդ միջոցառումները բարձրացնում են կուրսանտների և զինվորների ռազմահայրենասիրական ոգին, միաժամանակ նպաստում, որ նրանք կտրված չլինեն քաղաքացիական կյանքից: Ինձ համար այս միջոցառումները առավել քան հետաքրքիր են, քանի որ դրանք հիմնականում կազմակերպվում են դպրոցների և բուհերի հետ համատեղ, ես հնարավորություն եմ ունենում շփվել դպրոցականների, ուսանողների հետ և հասցրել եմ նոր ընկերներ ձեռք բերել:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը' ինձ մշտապես աջակցելու, տարբեր մրցույթների մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, ինչպես նաև «Հայ երգասաններ» խմբի փորձերին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար:

-Ի՞նչ կարծիք ունես ժամանակակից երգարվեստի մասին, հայրենասիրական երգը այսօր կատարու՞մ է իր առաքելությունը.

-Հայրենասիրական երգը բոլոր ժամանակներում ունեցել է սերունդներ կրթելու, դաստիարակելու մեծ առաքելություն: Այսօր էլ կան երգահաններ, ովքեր հայրենասիրական երգեր են գրում, ես նաև նրանց երգերից եմ կատարում: Սակայն պետք է խոստովանեմ, որ ինձ համար առավել հոգեհարազատ են մեր ազգային-հայրենասիրական, ազգագրական երգերը, որոնք բոլոր ժամանակներում էլ պահպանել ու պահպանելու են արդիականությունը:

Դավիթը նպատակ ունի շարունակելու ուսումը. ծառայությունն ավարտելուց հետո կսովորի մագիստրատուրայում: Կարծում ենք' նա դեռ շատ հաջողությունների կհասնի երգարվեստում և, ընդհանրապես, կյանքում, ինչին կնպաստեն նաև բնավորության այն որակները, որոնք, իր իսկ խոտովանությամբ, ձեռք է բերել ծառայության երկու տարիների ընթացքում:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

Կից նյութն՝ այստեղ: