Ամեն մեկը չի կարող սպա դառնալ։ Ռազմական ինստիտուտը գերազանց գնահատականներով ավարտելը դեռ լավ սպա դառնալու երաշխիք չէ, որովհետեւ լավ սպան առաջին հերթին լավ մարդ է՝ կարեկից, հոգատար անձնավորություն։ Ես կարծում եմ, որ ռազմական բուհ ընդունվելիս պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ թե առարկայական գիտելիքներին, այլ մարդկային նկարագրին։
Ես զինվոր եմ, ամեն որ անմիջականորեն շփվում եմ սպաների հետ եւ գիտեմ, թե ինչ ծանր աշխատանք են կատարում նրանք։ Հեշտ չէ յուրաքանչյուր զինվորի հետ լեզու գտնելը։ Չմոռանանք, որ զինվորներն էլ շատ տարբեր են մեկը մյուսից։ Բայց մի բան հաստատ է, որ զինվորի սիրտը տանող միակ ճանապարհը սերն է նրա հանդեպ, ներողամտությունը, համբերատարությունը։ Ես վստահ եմ, որ խստությամբ, պատիժներով ոչ մի սպա հաջողության չի հասել։
Ես նոր էի զորակոչվել, երբ իմացա, որ քրոջս միակ երեխան ծանր հիվանդ է։ Քրոջս ամուսինը մահացել է եւ նրան ու փոքրիկին մենք ենք խնամում։ Մայրս աշխատանք չուներ, իսկ երեխային բուժօգնություն էր պետք։ Մտադրվել էի բանակից փախչել, գնալ Ռուսաստան եւ փող աշխատել, որ հոգամ ընտանիքիս հոգսերը ու փոքրիկ Արսենի բուժման ծախսերը։ Հրամանատարս ինչ-որ բան հասկացավ, զգաց, որ առաջվանը չեմ, մտահոգ եմ։ Ես նրան պատմեցի ընտանիքիս վիճակի մասին։ Հրամանատարս (անունը չեմ գրում, որովհետեւ ինքը թույլ չտվեց) գնաց մեր տուն, քրոջս ու երեխային տեղափոխեց Երեւան՝ հիվանդանոց, վճարեց բուժման ծախսերը։ Ես հիմա իմ հրամանատարի համար եմ ծառայում (գիտեմ՝ սխալ բան եմ ասում, բայց այդպես է)։ Ես ամեն ինչ անում եմ, որ գոհացնեմ նրան։ Նա իմ հարազատն է, իմ ամենասրտակից մարդկանցից մեկը։ Երբ զորացրվեմ, սկսեմ աշխատել, փոքրիկ Արսենին կմկրտեմ ու կնքահայրը անպայման հրամանատարս կլինի։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ այս աշխարհում կան հրամանատարիս նման մարդիկ, բանակում նրանց քանակը ավելի շատ է։ Նրանք մեծ հոգու տեր մարդիկ են։

ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
շարքային