Վերջերս ծանոթացա մի լուսավոր, ազնիվ աղջնակի հետ։ Մաքուր է, զուլալ ինչպես հայրենի Արցախի աղբյուրները։ Ծնվել է Հադրութում։ Երկու քույր են։ Երբ 1993-ին հայրը զոհվեց, ինքը չորս տարեկան էր, քույրը՝ Լուսինեն՝ երկու։ Լուսինեն շատ ծանր տարավ Շահեն հայրիկի կորուստը։ Մանկության լուսանկարում ինքն է, քեռու աղջիկը՝ Քնարը, Լուսինեն, որը լուսանկարներում միշտ տխուր է, ինքնամփոփ… Հետո՝ 1994-ին, զոհվեց Էրիկ քեռին, որը կոնսերվատորիայի ուսանող էր եւ օպերային երգչի իր փայլուն ապագան մի կողմ թողած, եկել էր ծննդավայրը պաշտպանելու։ Իսկ մինչ ընդհարումները, մյուս քեռին՝ Էմիլը, Արցախը Հայաստանին միացնելու ստորագրահավաքի նախաձեռնողն էր, կազմակերպիչը, այդ ստորագրությունները Մոսկվա ուղարկողներից… Այդ օրերին Էմիլի եւ Էրիկի գործողությունները խորհրդային տեղի զորքերի պարետի աչքից չէին կարող վրիպել, եւ մատնությամբ գերության են տանում Սամվել պապին, պայման դնում, որ կազատեն միայն այն դեպքում, եթե նրա որդիները հետ կանգնեն իրենց գործունեությունից եւ կամավոր ներկայանան։ Այնուհետև հանձնում են ադրբեջանցիներին, որոնք նրան պահում են Շուշիի բանտում: Պահանջում են մեծ փրկագին։ Խեղճերը վաճառում են ունեցած ամեն ինչ, հարազատ-բարեկամներից, ընկերներից գումար են հավաքում եւ ազատում են Սամվել պապին, որը, սակայն, անմարդկային կտտանքներից հետո արդեն մահամերձ վիճակում էր։

 

 

-Իմ մանկության օրերը, տարիները հիշելիս վերապրում եմ պատերազմական այն հեռավոր օրերը,- ասում է աղջնակը։ -Ռմբակոծությունների ժամանակ թաքնվում էինք նկուղներում։ Մեծ վտանգի դեպքում մեզ՝ երեխաներիս, շալակներն առած հայ կանայք, մեր մայրերը, նրանց հետ Մարգարիտ տատս ու Էլզա մայրս, բարձրանում էին լեռները, պատսպարվում էինք մութ ու խոնավ անձավներում։ Ցրտից սրթսրթում էինք։ Մեր մայրերը, տատերը մեզ կրծքներին սեղմած' ջերմացնում էին, փորձում էին մեր մանկությունը լուսավորել իրենց լուսե ու բարի խոսքերով, պատմություններով… Պատերազմ էր, եւ այն գործում էր իր խիստ օրենքներով։ Հիշում եմ՝ դրսից սփյուռքահայերը օգնություն էին ուղարկել, որտեղ նաեւ շոկոլադե սալիկներ կային։ Շոկոլադը միայն վիրավոր, արյուն կորցրած ազատամարտիկների ու մեկ էլ նրանց արյուն հանձնող մարդկանց էր տրվում։ Էմիլ քեռուս էր այդ գործը վստահված։ Մարգարիտ տատս մի անգամ երեւի զգաց, որ երեխաներով կարոտով էինք նայում շոկոլադին, քեռուս ասաց.

-Անխի՛ղճ, մի-մի հատ էլ էս երեխեքին տուր…

-Թող արյուն հանձնեն, տա՛մ,- ասաց քեռիս։

Ու էլ ոչ մի խոսք այդ մասին չեղավ։ Պատերազմ էր, և օրենքներն էլ պատերազմական էին։ Եկավ հաղթանակի օրը, եւ ես հասկացա քեռուս ու ավելի սիրեցի նրան…

Իր մանկության պատմությունն այսպես համառոտ ներկայացրեց Շուշան Ստեփանյանը։ Պատմություն, որը սակայն մի ծավալուն ստեղծագործության հիմք կդառնա մի օր։ Եվ հուսով եմ, այն կգրի հենց ինքը՝ Շուշանը, Արցախի այս հրաշալի դուստրը, որի գրչի տակից դուրս եկած տողերն այսօր իրենց պայծառ լավատեսությամբ կարդացողին տանում են դեպի մեր վաղվա օրը, դեպի մեր թանկ հաղթանակի հայրենիքը…

 

 

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կից նյութն՝ այստեղ: