Ինչ որ տարօրինակ օրինաչափությամբ Եռաբլուր կատարած այցելություններիցս գրեթե յուրաքանչյուրը մի գեղեցիկ ու տխուր, միևնույն ժամանակ ոգեշնչող ու ապագայի հանդեպ հավատ ներշնչող պատմության ստեղծման առիթ է դառնում: Այդ պատմությունները գրված են միայն սրտումս, բայց դրանցից մեկն ուզում եմ պատմել նաեւ ձեզ, որպեսզի տեսնեք, թե ինչպիսին են մեր հերոսների ծնողները: Նրանցից շատերը ոչ պակաս հերոս են, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք:
Հիմա չեմ հիշում, թե երբ ու ինչ առիթով էի նորից հայտնվել Եռաբլուրում, գուցե եւ առիթ չկար, պարզապես ընկերներով որոշել էինք ու գնացել: Առանձնացել էի խմբից, քայլում էի Տղերքի շիրիմների մոտով ու լուռ զրուցում նրանց հայացքների հետ, երբ նկատեցի, որ Տղաներից մեկն այցելու ունի. ալեհեր մի ծերունի էր: Նստած էր, բայց կողինք թափված ճյուղերից, չորացած ծաղիկներից ու կուտակված տերեւներից զգացվում էր, որ խնամքով մաքրել է տարածքը, հոգնել ու նստել հանգստանալու ու... զրուցելու: Քիչ մոտեցա ու հասկացա, որ ծերունին Արման Զոհրաբյանի' Ցուլի, մոտ է եկել... Հայրն էր:
Երկար ժամանակ չէի համարձակվում մոտենալ' հոր ու որդու նման զրույցն ընդհատել պարզապես չի կարելի, հետո էլ'քաշվում էի: Բայց քիչ անց, երբ Հայրը ոտքի կանգնեց աշխատանքը շարունակելու, հաստատ որոշեցի օգնել ու մոտեցա: Բարևեցի, հարցրի որպիսությունը: Հայրը ժպտաց, բարևեց ու հարցրեց, թե ես ով ունեմ Եռաբլուրում: Պատասխանեցի, որ բոլորն էլ իմ հարազատներն են, եղբայրներս են ամենքը: Հուզվեց. Հրաշք աչքեր ուներ Հայրը... Հետո օգնությունս առաջարկեցի ու ստացա մի պատասխան, որ ոչ մի կերպ երեւակայել անգամ չէի կարող: Ասաց. «Ձեռքերդ ափսոս են, բալես»: Հարազատ զավակին Հայրենիքի զոհասեղանին դրած Հայրը, զավակի կորստի ցավն ապրած Հայրը ափսոսում էր ձեռքերս... Չասեմ, թե ինչ զգացի, կարծեմ լավ կհասկանաք... արագ հավաքեցի ինձ ու խնդրեցի, որ ամեն դեպքում թույլ տա օգնել, ասացի, որ ինձ էլ պետք է, էդպես ինձ ավելի հանգիստ կզգամ: Թույլ տվեց: Շատ պիտի ուզեի, որ ինքը մաքրելու տեղ շարունակեր որդու հետ զրույցը, բայց հասկացա, որ դրանով ինքն էլ հանգստանում է, հոգին խաղաղվում է: Հիմնական աշխատանքն ինքն արել էր, մնում էր միայն կուտակված աղբը հավաքել ու լցնել մոտակա աղբամանը, ինչն էլ արագ արեցինք ու հետո ես' հրաժեշտ տալով այդ հպարտ ու համեստ Մարդուն, մենակ թողեցի նրան Որդու հետ: Թողեցի, բայց հեռվում կանգնած դեռ երկար նայում էի նրան ու մտածում, թե ինչ ուժեղ է Հայրը, ինչ հզոր են նրա հոգին ու կամքը, ինչքան հավատ կա մեջը: Միայն զորեղ հոգու տեր մարդը կարող է չչարանալ կյանքից ստացած հարվածներից հետո, միայն այդպիսի մարդը կարող է շարունակել սիրել, յուրաքանչյուր երիտասարդի մեջ տեսնել իր զավակին, տեսնել նրա անժամանակ ընդհատված կյանքի շարունակությունը, միայն նա կարող է այդպիսի խնամքով ու զգուշությամբ թաքցնել սրտի ցավն ու հուզումը: Ափսոոսում եմ միայն, որ ամուր չգրկեցի նրան ու չասացի այն, ինչ այդ պահին կար սրտումս:
Ահա թե ինչպիսին են նրանք' մեր Հերոսների Հերոս Ծնողները:
Հեղինակ' Նարի Հէրացի