Անդրիաս Ղուկասյան. «Եթե գողին չես բռնել ու կապել, ուրեմն ինչո՞ւ ես մեզ անհանգստացնում սենց հավայի բաներով»
168 ժամ
«Եվրոպայում ԶԼՄ-ներն աշխատում են, իսկ պաշտպանության նախարարը Գերմանիայում հրաժարական է տալիս, որովհետև իր դոկտորական դիսերտացիայի պաշտպանության ժամանակ ինչ-որ մի լրագրող բացահայտել է ուրիշ դիսերտացիայից նրա գրագողության փաստը: Եթե պետությունն իր սկզբունքներից է հռչակում բարոյականությունը, ապա նման արդյունքներ ու գործողություններ էլ կստանա: Իսկ մենք արդեն 20 տարի է՝ չենք ներդրել այդ սկզբունքները պետության հիմքում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Անդրիաս Ղուկասյանը՝ խոսելով ներքաղաքական իրողությունների, մասնավորապես, ՍԴ որոշման մասին:
Որքանո՞վ էր խորհրդանշական ՍԴ անդամներից մեկի՝ Կիմ Բալայանի պատմած անեկդոտը գողի մասին: Հիշեցնենք, որ անեկդոտի իմաստն այն էր, որ տանտերը իրավունք չունի բողոքել, եթե ինքը բավարար նախապատրաստական աշխատանքներ չի տարել՝ իր տունը գողերի համար անառիկ պահելու համար:
«Այո՛, Կիմ Բալայանը շատ ճիշտ գնահատեց իրողությունը և իր պատմած անեկդոտով սահմանեց Սահմանադրական դատարանի իրական որոշումը: Ի՞նչ է կատարվում Սահմանադրական դատարանում. գողին բռնել են, բայց ոստիկանությունն ասում է՝ զամոկդ լավը չի եղել, դուռդ ամուր չի եղել, դու քնած ես եղել, ու, առհասարակ, լավ կլիներ, որ գողին էլ բռնեիր կապեիր: Եթե այդքան բանը չես արել, ուրեմն մեզ ինչո՞ւ ես անհանգստացնում սենց հավայի բաներով: Այնպես որ, Կիմ Բալայանի պատմած անեկդոտը միանգամից գիծ քաշեց Սահմանադրական դատարանի իրական որոշումներ կայացնելու պարտականության վրա»:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ երբ ընդդիմությունն ամեն անգամ ՍԴ է դիմում կեղծված ընտրությունների հարցով, պետությունը հասկացնում է, որ դրանում ընդդիմությունն է մեղավոր, քանի որ չի օգտվում օրենքով սահմանված բոլոր կարողություններից: