Առաջին անգամ, երբ ձեռքս բռնած ինձ սովորեցնում էին նկարել, ձեռքս հուզմունքից թրջվել էր: Ես ուղիղ գիծ չէի կարողանում գծել, չէի կարողանում գույների մեջ իմ գույնը գտնել, որովհետև մի բան կար, որ խանգարում էր արվեստների մեջ՝ խելագարություն, որ մինչև չես խելագարվում, չես կարողանում տեսնել, զգալ, բայց գիտես, հետո խելագարվեցի, բայց նկարիչ չդարձա, հիմա ուղղակի գրում եմ, բայց ոչ իմ համար:

 

 

Հոգիս չենթարկվեց ինձ, դուրս եկավ, ձայնը գլուխը գցած նայեց աշխարհին ու լռեց, հասկացա, որ ընդմիջումը ընթացք է, որտեղ ժամանակի մեջ ինքնուրույն ես քո լռության ու քո աներևակայելի պատկերի առաջ՝ միայնակ: Գիտես, ես իմ առաջին աշխատավարձով ոչ ուտելու և ոչ էլ հագնելու բան չգնեցի, գրպանս առած առաջին ստեղծած գումարով գիրք գնեցի ու ես այնքան հպարտ էի… ու հաճախ կրկնում եմ՝ ամենալավ գիրքն աշխարհում Ձեր խիղճն է. հաճախ թերթեք այն: Հաճախ եմ ներողություն խնդրում, հաճախ նաև ինքս ինձնից, հետո… Այսօր էլ առիթը բաց չեմ թողնի ու կասեմ. ների՛ր ինձ մայրիկ, որ հաճախ չեմ ասում, թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում, կարոտում…

 

 

Մարդիկ կան, որոնց կյանքն արդեն իսկ արժևորված է, քանի որ նրանք լույս աշխարհ են եկել, քանի որ հնարավորթյուն ունեն ապրելու, ամեն առավոտ արթնանալու, զգալու կյանքը, արևի ջերմությունը, հարազատներին տեսնելու, ՄՈՐԸ ԳՐԿԵԼՈՒ: Ի՞նչ կա կյանքում ավելի թանկ, քան ամեն օր հարազատ մոր աչքերին նայելը: Իսկ գիտեի՞ք, որ կան մարդիկ, ովքեր դրանից էլ են զրկված, իսկ մենք ընկել ենք պատրանքների հետևից, կյանք ենք փնտրում մեզնից դուրս: Երբեմն նեղանում եմ ինձնից, այսօրվա անարդարություններից ու ուզում եմ գնալ, հեռու, որովհետև իմ երկիրն ինձ խորթ է, որովհետև իմ երկրում ես ինձ լավ չեմ զգում, բայց հետո հանդատեցնում եմ ինձ: Պատասխանում եմ ինքս ինձ. Չեմ գնալու իմ երկրից, մնալու եմ… ԴՈւ հպարտության նկատմամբ տարած իմ ամենամեծ հաղթանակն ես…

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ… Շատ մեծ քաջություն է պահանջվում բաց թողնել խոսքը, երբ չես կարողանում գտնել հասցեատիրոջը կամ գտնում ես ու չես կարողանում տեղ հասցնել, որովհետև արժեքները տարբեր են, մարդն էլ արժանի Է նրան, ինչ ձեռք է բերել… ու հիմա չգիտեմ երջանկացրել կամ տխրեցրել եմ մարդուն իմ խոսքով, որովհետև հաճախ չէ, որ ճիշտ ես լինում ու ոչ էլ կատարյալ… Մի շատ կարևոր բան եմ ուզում խնդրել՝ փրկություն, փրկություն եմ ուզում, որ իմ ժողովուրդ ապրի իր երկրում, չհիասթափվի, հավատա, անտարբեր չլինի… թո՛ղ, նոր տարուն մարդկային զոհեր չլինեն, միմիայն առողջ լինենք ու հաղթական, մնացածը ժամանակը իր տեղ կգցի ամեն բան…