Ինձ թվում է, թե ես վաղուց եմ եղել, մանկություն, դպրոց, հետո, հետո ինստիտուտ, բայց ես դրանից առաջ եղել եմ ու գիտես ինչ եմ հիշում, հիշում եմ, որ մեր տունը փողոցի անկյունում էր, որտեղ ծառաշատ այգու նստարանին մի կին էր նստում, ով իմ մայրն էր: Այդ կինը կոտրել էր ոտքը, հետո ամուսինը դավաճանել էր, թողել էր կնոջը մենակ ու գնացել էր... Այդ կինը իմ մայրն էր, հորս կինը, ով ինձնով հղի էր: Ես ծնվեցի, հայրս չկար... մինչև հիմա հայրս չգիտի, որ ես կամ:

 

Երբ ես արդեն բանակ պետք է գնայի հայրս հայտնվեց, բայց ես հորս ջերմությունը այդպես էլ չզգացի երկու տարի հեռու ապրեցի նրանից: Հետո, ինչպես լինում է հեքաթում օրերը անցան, կյանքն էլ գնալով փոքրացավ ու ես ուզեցի այդ փոքրիկ կյանքի մեջ տեղավորվել՝ ապրել: Կյանքը կարճ էր, շատ կարճ... Գիտեի, որ սիրուց է ծնվում մարդը, այսինքն ես էլ եմ այն սիրուց ծնվել, որ հայրս, մորս էր տվել, մայրս էր հորս... հետո, հետո թողել էր, սերն էր թողել, սիրուց էր հեռացել: Բանակից նոր էր զորացրվել:

 

Դե, որ ասում եմ նոր էր զորացրվել ինձ նկատի ունեմ, սիրում եմ անցյալով խոսել, որովհետև ներկա չկա, ներկան հիշողություն է, որ չգիտես, երբ կգտնես ու երբ ընկերություն կանես նրա հետ, մանավանդ որ չգիտես հիշողությունը քեզ ինչքան հեռու կտանի, տանելուց հետո էլ, որտեղ կթողնի... Հովիկը նախորդ օրը տուն չէր եկել, ես էմ Հովիկը, շարունակեմ, հա, որտեղ ընդհատվեց զրույցս, էն, որ տուն էի եկել... Հովիկը սիրած աղջիկ ուներ, աղջկա ձեռքից բռնել էր, ու խոսք էր տվել, որ ողջ գիշեր ու ամեն գիշեր ձեռքը բաց չի թողնելու՝ ապրելու է... Աղջկա հետ գնացել էր քաղաքից դուրս, որոշել էր, որոշման տերն այդ օրը Հովիկն էր: Հաջորդ օրը Հովիկը տուն էր մտել, տեսել էր տանը մարդ չկա, որոշել էր ընկերներին հավաքել ու մի լավ խնջույք կազմակերպել: Հավաքվել էին...

 

Տուն էր մտել հայրը, տեսել էր քսան տարեկան տղան, ընկերների հետ սեղանի շուրջ հավաքված գարեջուր խմելուց, քաշել էր որդու ձեռքից գարեջրի շիշն ու աղբամանն էր նետել: Չկար Հովիկը, հայրը այդ գիշեր քաղաքով մեկ ման էր եկել որդուն, չէր գտել: Ընկերները ոչինչ չգիտեին... հաջորդ գիշեր լուր ստացավ հայրը, որ որդուն գտել են նկուղներից մեկում՝ սառած... Հայրը ձեռքերի մեջ էր առել որդու սառած մարմինն ու ոռնում էր...