Ձիրավի ճակատամարտից տասն օր անց արքան ներքին գործոց նախարար Հայր Մարդպետի, իշխաններ Բաթ Սահառունու և Գնելի ու գրագիր Երեմիայի ուղեկցությամբ մեկնեց մերձակա նահանգները' ծանոթանալու երկրի վիճակին. մի քանի տարի նա բացակայել էր Հայոց Աշխարհից և տեղյակ չէր նահանգների կյանքին:
Պատկերը, որ նրանք տեսան, սպասվածից էլ անմխիթար էր. Շապուհն ավերել էր քաղաքները, հրի մատնել շեները, և շատերն անօթևան էին:
Հայր Մարդպետը շեն առ շեն գրառում էր վիճակը, և ապա արքայի գլխավորությամբ տեղի նախարարների ու իշխանների հետ քննարկում էին տնտեսությունը վերականգնելու հնարավորությունները:
Արքան գյուղերին օգնություն հատկացրեց պարսիկներից առած ավարից' քարշող ու բեռնակիր անասուններ, ձիասարքեր, կարասի, իսկ արքունի գանձարանից միջոցներ տրամադրեց ընտանի անասունների և սերմացուի համար: Նախարարներից ևս պահանջեց աջակցել մարդկանց: Բայց հոր ու նախարարների հակադրության դառը փորձը հաշվի առնելով՝ նա խուսափեց նրանց մեծ հարկի տակ դնելուց: Իսկ Հայր Մարդպետը մյուս նախարարներին պատվի գցելու համար հարյուր ձիաբեռ ցորեն նվիրաբերեց նահանգների գյուղերին, երեք հազար ոչխար:
...Դառնալով Դվին՝ արքան կարգի բերեց բանակը, սպարապետ Մուշեղի հետ կռվի վարժեցրեց երկու ամիս, ապա հունաց զորքի հետ պարսիկներից ետ գրավեց բոլոր բերդերը, այդ թվում նաև Կոգի գավառի Դարոյնք բերդը, որը շնորհիվ հավատարիմ բերդապահների անառիկ էր մնացել պարսից բազում հարձակումներից։ Այստեղ էր պահվում թագավորական տան գանձերի մեծ մասը, և այն ամբողջապես հանձնվեց արքային։
Այդ գանձերից արքան բաժին հանեց սպարապետ Մուշեղին ու կարգադրեց համալրել բանակն ու այն տասը հազար նիզակից հասցնել իննսուն հազարի: Իսկ ինքը, մնացյալ գանձերն առած, նորեն մեկնեց գավառները' այնտեղի գործերը շտկելու