«Մալենան» ուժեղ կնոջ մասին պատմող ֆիլմերի շարքում լավագույններից է: Բայց գլխավոր հերոսուհին մյուսներից տարբերվում է ոչ միայն ոգու ուժով, այլև հազվագյուտ գեղեցկությամբ և բնածին սեքսուալությամբ:

 

Տղամարդիկ տենչում են նրան, կանայք նախանձում են, և բոլորը միասին նրան անարգում են:

 

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է այրին գոյատևում ատելության ու լկտիության մթնոլորտում' դրա հետ մեկտեղ մնալով հպարտ ու հիասքանչ:

 

Սա նաև պատմություն է փոքրիկ տղայի մասին, ով սիրահարվում է նրան, երազում նրա մասին, Աստծուց խնդրում է պաշտպանել նրան:

 

Եվ չնայած, որ դեպքերը տեղի են ունենում բավականին վաղ ժամանաներում, ֆիլմը լի է թարմությամբ և դիտվում է մի շնչով. հետաքրքիր, գեղեցիկ, որակյալ, երբեմն չափազանց անկեղծ:

 

 

Ֆիլմը մարդկայնության մասին է, որն արտահայտվում է միայն փոքրիկ տղայի մոտ, ում անունից էլ ներկայացվում է այս պատմությունը: Այն հասարակ, պարզ մարդկայնության մասին, որը պետք է վերաբերվի բոլորին, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր քո նման են: Իսկ Մալենան... Մալենան ուժեղ կին է, ով չնայած բոլոր դժվարություններին, կարողացավ կրկին վերադառնալ այդ փոքրիկ քաղաքը և ապացուցել, որ նա ավելի Մարդ է, քան բոլոր այդ մարդուկները, ովքեր իրենց մարդ են համարում:

 

Անկասկած, սա դրամա է, որը խորը հետք է թողնում մարդկանց հոգիներում: Դու հասկանում ես սիրահարված տղային և նրան հուզող երևակայությունները, դու մտնում ես Մալենայի բարդ դրության մեջ, անսահման հարգում ու հիանում ես նրանով, և իհարկե ատում ես արատավոր, նախանձ ու փոգրոգի մարդկանց, ովքեր կնոջ գեղեցկությունից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

 

Դժվար է նոր բան ասել Մոնիկա Բելլուչիի մասին. այս ֆիլմում նրա խաղն արժանի է հարգանքի: Երբ հերոսուհին անցնում է այդ «նախիրի» (այլ կերպ հնարավոր չէ բնութագրել) միջով, նրա աչքերն ասում են ամեն ինչի մասին: Մալենան հիասքանչ, ֆանտաստիկ կին է: Ցավոք, դժվար է հստակ ձևակերպել այն զգացողությունները, որոնք նա առաջացնում է. նա պարզապես «այլ երևույթ է»:

 

«Անցան տարիներ: Ես սիրեցի բազմաթիվ կանանց, և երբ նրանք ինձ գրկելով հարցնում էին, թե արդյո՞ք կհիշեմ նրանց, ես ամբողջ սրտով հավատում էի, որ կհիշեմ նրանց ընդմիշտ: Բայց այն միակը, ում ես հիշում եմ ամբողջ կյանքի ընթացքում, նա է, ով երբեք այդ մասին չի հարցրել: Մալենան...»:

 

 

Վահագն Արմենյան