Ձանձրալի և ոչնչով աչքի չընկնող կյանքով ապրող տղամարդը հանդիպում է մի աղջկա, ով հիմնովին փոխում է նրա կյանքը: Դա կարելի է համեմատել էլեկտրաշոկի հետ: Ֆիլմի հերոսը միանգամից զգում է կյանքի համը և իրեն իսկապես երջանիկ զգում: Այն աստիճան երջանիկ, որ պատրաստ է նույնիսկ մեռնել:

 

 

Այս ֆիլմը յուրահատուկ է արդեն միայն նրանով, որ տարբերվում է ինչպես սյուժեյի օրիգինալությամբ, այնպես էլ դրա մատուցման ձևով: Ֆիլմում կա մի կազմակերպություն, որը ջնջում է այն մարդկանց հիշողությունները, ովքեր ցանկանում են մոռանալ իրենց կյանքի կոնկրետ հատված, մասնավորապես' ինչպես ֆիլմի հերոսներն են ցանկանում մոռանալ իրենց դժբախտ սերը: Ջիմ Քերրիի հերոսը' Ջոելը, հապճեպ քայլ կատարելով որոշում է ջնջել Կլեմենտինայի (Քեյթ Ուինսլեթ) հանդեպ սիրո հիշողությունը: Սակայն հիշողությունների վերացման գործընթացի կեսից արդեն Ջոելը փորձում է մտքում դադարեցնել հիշողությունների ջնջումը և ափսոսում է իր արարքի համար: Ֆիլմի հերոսների էմոցիաները, սիրո մասին հիշողությունների մաս-մաս ջնջումը հետաքրքրություն են առաջացնում և պահպանում են ինտրիգը ողջ ֆիլմի ընթացքում:

 

 

Ջոելը մտովի վերհիշում է Կլեմենտինայի հետ կապված որոշակի իրավիճակ, նրանք խոսում են իրար հետ, մարդիկ են քայլում փողոցով, նրանք անցնում են խանութների մոտով, և հանկարծ սկսվում է հիշողությունների ջնջման գործընթացը: Աստիճանաբար, քայլ առ քայլ անցորդների դեմքերը լղոզվում են, խանութների ցուցանակներն անհետանում են, անհետանում է նաև Կլեմենտինան: Ջոելը հուսահատորեն փորձում է վերադարձնել հիշողությունները, խնդրում է իրեն թողնել հիշողության գոնե ինչ-որ կտոր, բայց դա տեղի է ունենում միայն նրա մտքերում, իսկ ֆիզիկապես խոչընդոտել գործընթացին նա չի կարող, քանի որ սարքերին միացված' նա քնած է ու հիշում է…

 

 

Ֆիլմում վերջին արտահայտությունը ոչ միայն ամբողջ ֆիլմի, այլև մեր կյանքի իմաստն է' «թող ԱՄԵՆ ԻՆՉ կատարվի»… նույնիսկ եթե սերը ի վերջո դժբախտ լինի, միևնույն է' էմոցիաները, ապրումները, ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ պետք է մնան և չարժե փորձել ջնջել դրանք…

 

 

© Վահագն Արմենյան