Շատ դժվար է գրել մի ֆիլմի մասին, որին արդեն իսկ նվիրվել են հազարավոր հիացական դիֆերամբներ: Դա նույնն է, որ առանց ավելորդությունների գրես «Դուք պետք է դիտեք այս ֆիլմը» արտահայտության կարգի մի բան: Ցանկություն չկա այս ֆիլմը պամել ու մաս-մաս անել, որովհետև այն առանց թերությունների համահունչ ստեղծագործություն է, ավելի պարզ ասած' ֆիլմը դիտվում է որպես մեկ ամբողջություն և ոչ մի ուրիշ կերպ, այն դասվում է այնպիսի եզակի ֆիլմերի շարքին, որոնց դիտումից հետո կարող ես վերանայել կյանքի նկատմամբ որոշ հայացքներդ: Համենայնդեպս, ներքոշարադրյալ տեքստում կփորձեմ հիմնավորել այս ֆիլմի բոլոր հմայքները:


Ամեն ինչ սկսվում է նրանից, որ հրեշտակներն իրականում գոյություն ունեն, բայց ոչ թե երկնքում' սպիտակ թևեով, այլ երկրի վրա' հոգիների տեսքով, սև բաճկոններով անմահ ուրվականներ, անմարմին ու անտեսանելի: Նրանք դժվար պահերին աննկատ կերպով օգնում են մարդկանց, մահից հետո «ուղեկցում» են այն աշխարհ, բայց այդ հրեշտակները զրկված են կյանքի հասարակ ու գլխավոր հաճույքներից. նրանք չեն զգում համ, հոտ, ցավ, հպում, նրանք չեն կարող զգալ քամու փչոցը, անձրևը, սիրո բերկրանքը...

Նրանք դատապարտված են հավերժ և ինչ-որ տեղ աննպատակ թափառելու և միակ բանը, որ կարող են վայելել, դա իրենց պես հրեշտակների ընկերակցությունն է, զրույցները նրանց հետո, «ընկերական» հավաքները լուսաբացին ու մայրամուտին, երբ նրանք լսում են միայն իրենց հասու աստվածային երաժշտությունը:


Բայց երբեմն հրեշտակները կարող են «ընկնել» ու վերափոխվել մարդու, եթե նրանց զգացմունքներն այնքան են ամրացել, որ ունակ լինեն հրաժարվել իրենց նախկին կյանքից: Իսկ այդ զգացմունքը սերն է, այդ անշոշափելի, խորը և հազիվ ընկալելի զգացմունքը, որն անհնար է ձևակերպել կամ արտահայտել որևէ հարաբերության մեջ, այն նույնքան տեսիլային է, որքան իրենք' հրեշտակները:


Ֆիլմում հրեշտակի դերը խաղում է Նիքոլաս Քեյջը: Բավական է դիտել ֆիլմի առաջին րոպեները և միանգամից հասկանալի կդառնա, որ Քեյջի հերոսը հմայում է հենց առաջին հայացքից: Հրեշտակի աչքերը, որ այնքան խորաթափանց են, ասես տեսնում են հոգիդ և միաժամանակ երեխայի պես զարմացած են, հենց այդ աչքերն են, որ ասում են ավելին' քան մնացած ամեն ինչը:


Նրա սիրելին' հմայիչ Մեգ Ռայանի մարմնավորմամբ, սովորական մի կին է, որին կարող էր սիրահարվել գրեթե յուրաքանչյուր տղամարդ: Եվ հենց դրանում է կայանում այն սիմվոլիզմը, որ հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք, և դրա փոխարեն սանձարձակ ձիու պես վազում ենք անծանոթ տեղանքով' ինքներս էլ չիմանալով, որ վաղուց արդեն գտել ենք այն, ինչ փնտրում էինք: Հրեշտակն ինքն իրեն զոհաբերեց պարզապես Նրան դիպչելու համար: Պե՞տք է սրան ինչ-որ բան ավելացնել:


Սա գեղեցիկ կյանքի, դրա իրական ու մաքուր հմայքների մասին պատմող ֆիլմ է, որը դիտելուց հետո հերթական անգամ փողոց դուրս գալիս ցանկանում ես արձակել բաճկոնիդ կոճակները, շնչես ձմռան օրվա սառը օդը, ձեռքերդ կողք պարզես ու դեմքիդ վրա զգաս հալվող ձյան փաթիլները: Նույնիսկ ամենացուրտ եղանակին: Գոնե մի րոպեյով:


Ափսոս, որ մենք այդպես էլ չկարողացանք ինչ-որ մեկի համար իջնել երկնքից:

 

P.S. Նվիրվում է մի աղջկա, որին ես վիրավորեցի ընդամենը իմ մանկական քմահաճույքի պատճառով:
Ֆիլմը դիտվել է հպարտ մենության մեջ' չհաշված կիսադատարկ վիսկկի շշի ընկերակցությունը:)

 

 

Վահագն Արմենյան