Շունը հավատարմության խորհրդանիշ է: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտույի «Сука-любовь» ֆիլմում հավատարմությունը վաճառում են ու դարձնում առևտրի առարկա: Հավատարմությամբ ծածկվում են' ասես գեղեցիկ բառերից կազմված վահանով, այն փոխում են խելահեղ պլանների հետ ու բացարձակ չեն գնահատում…
Մեքսիկացի ռեժիսոր Ինյարիտուն ստեղծել է իսկական գլուխգործոց, դաժանագույն և մռայլ մի կտավ, որի վրա խառնվել են մարդկային բազմաթիվ զգացմունքների ամենախառը այնպիսի գույներ ու երանգներ, ինչպիսիք են կիրքը, որը տրանսֆորմացվում է վայրագության, երջանկությունը, որը վերածվում է մղձավանջի, սերը, որը հեշտությամբ հաղթահարում է առաջին ու միակ քայլը դեպի ատելություն: Ի՞նչն է օգնել ֆիլմի հեղինակներին, որպեսզի հանդիսատեսին այդպիսի կատարելությամբ փոխանցեն մարդկային հոգիների ողջ դժոխքը:
Առաջին հերթին դա գերազանց խաղացած դերերն են: Դերասանական աշխատանքը հիանալի է իր անկեղծությամբ ու խորաթափանցությամբ, այստեղ չես գտնի ոչ մի շինծու կամ արհեստական տարր:
Երկրորդը' Գիլյերմո Արրիագայի ոսկերչական նրբությամբ կազմված սցենարը գրավում է սյուժետային միախառնումների դաժան անհնարինությամբ և իր ակնհայտությամբ անպատկաերացնելի հանգուցալուծումներով: Անհնարին է տրամաբանությամբ գուշակել դեպքերի ընթացքը, բայց այն զգում ես սրտով, որը ողողվում է երակներից հորդող արյունով… Կինոխցիկը երբեք տեղում չի կանգնում, այս ու այն կողմ է գնում, իրեն պատեպատ տալիս: Ֆիլմի պատմությունները մեկ արագացնում, մեկ էլ դանդաղեցնում են իրենց ընթացքը դեպի տանջող անխուսափելիություն:
Իսկ ի՞նչը նրանց համար կդառնա անխուսափելի: Ինչի՞ կգան նրանք մի աշխարհում, որտեղ չկա ու չի էլ սպասվում լույսի, բարության ու երջանկության առկայություն: Այդպիսին է իրականությունը:
…սերը աննկարագրելի գեղեցիկ զգացմունք է: Երբ այն կուտակվում է քո մեջ, ամբողջ աշխարհը փոքրանում է աչքաբիբի տրամագծի չափ, որի մեջ արտացոլվում է սիրելի էակդ: Դու կհամբուրես նրան, դու օրդ կանցկացնես նրա հետ: Նա կծիծաղի քեզ հետ միասին արևաշող փողոցներում, դու կգրկես նրան ու կհասկանաս, որ ոչինչ վախենալու չէ, երբ նա կողքիդ է…
… բայց յուրաքանչյուր մեդալ ունի հակառակ կողմ: Եվ ռեժիսորը մեզ ցույց է տալիս միայն այն կողմը, որը պատկանում է անհույս խավարին: Սարսափը պատում է նույնիսկ հավատարմության խորհրդանիշ շանը հիշելիս. սև, խրոխտ, հանգիստ, երբեք չես գուշակի, թե նա երբ կվերածվի հրեշի ու կկրծի այն շնիկների կոկորդը, որոնք զզվելիորեն կաղկանձում են վախից… Հենց հավատարմությունն է, որ մեդալը շրջում է դեպի լույսի հակառակ կողմը' ֆիլմի հերոսներին թողնելով միայն անտանելի տանջանքներ: Եվ նա, մռայլ ու անխնա այդ շունը, կգնա նրա հետ, ով դժոխք ուղևորվելու գնով կերաշխավորի իր սիրելի մարդու հանգիստ ու ապահով կյանքը: Եվ թող որ բոլոր գրված ու չգրված օրենքներով նրա տեղը դժոխքում արդեն ամրագրված է, բայց նա, որքան էլ զարմանալի է, հանդիսանում է այս պատմության միակ իսկական մարդը, ով կարողանում է խեղդել էգոիզմը և աշխարհ բերել գրեթե սուրբ ինքնազոհաբերում: Պարադոքս…
Ինչու՞ Ինյարիտուն և նրա հրաշալի թիմը նվիրեցին մեզ այս ֆիլմը: Չէ որ կյանքն առանց այդ էլ լի է այսպիսի անպատկերացնելի չարիքներով: Ի՞նչ կարիք կար դա ավելացնել նաև արվեստի միջոցով: Ես, կարծես թե, հասկացա: Որպեսզի ստիպի մեզ ձգտել մեդալի հակառակ կողմին, որտեղ արևն իր տաքությամբ շոյում է ժպտացող դեմքերը և դրանք ջերմացնում երջանկությամբ…
…Եվ որտեղ աշխարհի ամենահրաշալի զգացմունքը չի դառնում ծախու պոռնիկ:
© Վահագն Արմենյան
P.S. Շնորհավոր:)))