Այս ֆիլմի դիտումն առաջացնում է երկակի զգացողություններ ու տպավորություններ: Նախ այն գրավեց թե իր վերնագրով, թե ռեժիսորով, քանզի դժվար է պատկերացնել, որ Բերնարդո Բերտոլուչչիի մակարդակի վարպետը կարող է վատ ֆիլմ նկարել: Նաև գրավեց այն, որ ֆիլմի մասին լսածս կարծիքները ծայրահեղ հակադիր էին միմյանց:

 

Ֆիլմում աչքի են ընկնում ֆրանսիական կինեմատոգրաֆին հատուկ գեղեցկությունն ու նրբությունը: Շատ գեղեցիկ են Եվա Գրինը, Լուի Գարրելը և Մայքլ Պիտը: Ֆիլմի մթնոլորտը հիասքանչ է' շնորհիվ հին արիստոկրատիկ բնակարանի ինտերյերի, գրքերի, հերոսների հիշած հին ֆիլմերից կադրերի, թուլացված լույսի ու երաժշտության: Գեղեցիկ երաժշտության' վերցված տարբեր ֆիլմերից: Ամեն ինչ լցված է վառ գույների ճոխությամբ:

 

Գաղափարը բավականին հետաքրքիր է: Երեք երիտասարդների հարաբերություններ, ովքեր իրենց համար ստեղծել են մի աշխարհ, որն իր մեջ միաժամանակ ներառում է և մանկամտություն, և հասունություն: Աշխարհ, որտեղ կան ֆիլմեր, ֆիզիկական մտերմություն և մանկական չարաճճիություններ: Նրանք իրենց պահում են երեխայի պես, հիմարություններ են անում և միմյանցից պահանջում բարձրագոչ բառեր, խոստովանություններ... Բայց դրա հետ մեկտեղ նրանք շոշափում են այնպիսի լուրջ թեմաներ, ինչպիսիք են Վիետնամը, Մաոն, հեղափոխությունը:

 

 

Հենց սրանով է գրավում ֆիլմը. բազմակողմանիություն, հակադիրների համադրություն, մթնոլորտ:

 

Եվա Գրինը պարզապես հիասքանչ է խաղում: Անսովոր վարքով, ժպտերես, գեղեցիկ, եղբոր հանդեպ իր սիրով և նվիրվածությամբ հուզող: Նա կատարյալ է:

 

Մայքլ Պիտի հերոսը նույնպես հիշվում է. նրա կերպարը փոխվում է աչքի առաջ: Սկզբում նա մի քիչ ամաչկոտ և Տեոյի ու Լուիզայի մտածելակերպը չհասկացող է, իսկ հետո դառնում է այդ «ընտանիքի» մի մասը:

 

Լուի Գարրելի հերոսը բավականին հետաքրքիր է. գեղեցիկ, խելացի, ինչ-որ չափով դաժան: Հաջողված կերպար է:

 

Ընդհանուր առմամբ, ֆիլմը հետաքրքիր է, դիտվում է մի շնչով: Ֆիլմը նույնիսկ չեն փչացնում բազմաթիվ անկեղծ տեսարանները, որոնք զուրկ են ռոմանտիկայից ու սիրուց: Սա ֆրանսիական ֆիլմ է, դրա համար էլ յուրօրինակ է: Դրա համար էլ այդքան հասկանալի, ու միաժամանակ անհասկանալի է:

 

Վառ, գունեղ, նրբազգաց, հուզառատ և բազմակողմանի:

 

 

 

Վահագն Արմենյան