Իմ դիտած ամենատարօրինակ ֆիլմերից մեկը: Առաջին անգամ դիտեցի 2001-ին, մի քանի տարի անց վերանայեցի, իսկ օրերս էլ առիթ ունեցա ևս մեկ անգամ դիտել այն ու որոշեցի գրել դրա մասին:
Մինչ այդ, ֆիլմը դիտած մարդկանցից հետաքրքրվում էի և այդպես էլ չէի կարողանում հստակ պատասխան ստանալ, թե ի վերջո ինչի մասին է այս ֆիլմը: Մեծամասնությունը վստահաբար պնդում էր, որ այն լավ, խելացի ու արժեքավոր ֆիլմ է և խորհուրդ էին տալիս անպայման դիտել այն: Ինձ մի փոքր վախեցնում էր ֆիլմի 188 րոպե տևողությունը, սակայն հանգստացնում էր այն հանգամանքը, որ ռեժիսորը Պոլ Թոմաս Անդերսոնն է, ով նկարել է "Ночи в стиле Буги" գեղեցիկ ֆիլմը:
Մագնոլիան մի թաղամասի անուն է, որտեղ ապրում են ֆիլմի բազմաթիվ հերոսները: Սա ֆիլմ է կյանքի, մարդկային զգացմունքների ու սխալների մասին, դավաճանությունների ու ընկալումների մասին, այն մասին, որ երբեմն արդեն շատ ուշ է լինում: Մի խոսքով' կյանքի լավ ու վատ կողմերի մասին:
Երեք ժամվա ընթացքում էկրանին առանց շտապողականության ցուցադրվում են մի քանի նովելներ տարբեր մարդկանց կյանքի մասին, ընդ որում' նրանց կյանքի ամենևին էլ ոչ լավագույն դրվագները: Վունդերկինդ-տղան ծնողների ցանկությամբ մշտապես մասնակցում է հեռուստաշոուների' բոլորին ապշեցնելով իր մտավոր կարողություններով: Տղան, ինչպես հաճախ լինում է երիտասարդ աստղերի հետ, իր ծնողների ու հեռուստատեսության «մարդկանց» համար դառնում է ընդամենը եկամուտ բերող «արտադրանք»:
Ֆիլմի մեկ այլ հերոսուհու ամուսինն անհույս հիվանդ է. նա մահանում է: Իսկ նա հենց այդ օրերին հանկարծակի հասկանում է, որ սիրում է նրան: Բայց արդեն շատ ուշ է. հիվանդությունն անբուժելի է և նա շուտով կլքի իրեն:
Երիտասարդ տղամարդը հիմնել է ակումբ, որտեղ անձնական կյանքում խնդիրներ ունեցող տղամարդկանց սովորեցնում է, թե ինչպես պետք է մոտենալ և գայթակղել կանանց: Նա նույնպես ունի անցյալի խնդիրներ. մանուկ հասակում հայրը լքել է նրան ու մորը, ով մահամերձ էր:
Ֆիլմն ավարտվում է այն պահին, երբ բոլոր հերոսների ճակատագրերը տարօրինակ կերպով խաչվում են: Եվ վերջ: Ոչ մի happy end, ոչ մի խոհափիլիսոփայական իմաստ: Մարդկային ճակատագրեր և դրանց միահյուսում. ահա ֆիլմի գլխավոր հերոսը, որին հրեժեշտ ենք տալիս անձրևի հնչյունների ներքո: Գորտերի անձրևի:
Հին գրականության մեջ հաճախ հանդիպում են կենդանիների անձրևների մասին հիշատակումներ, իսկ գորտերի անձրևի մասին գրված է նաև Աստվածաշնչում: Վիկիպեդիայում նույնպես կան տեղեկություններ ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Իսպանիայում տեղացած ձկների, գորտերի ու ծովախեցգետինների անձրևների մասին:
Գիտությունը վաղուց հրաժարվել է բազմաթիվ բացատրություններից, որոնք առաջարկվել էին այս երևույթի հիմնավորման համար, քանի որ դրանք չափազանցված, չստուգված ու քիչ հավանական էին: Արդյունքում, կենդանիների անձրևն այդպես էլ մնաց առանց գիտական բացատրության: Իսկ կրոնի վրա հիմնված վարկածներում կենդանիների անձրևն ընկալվում է որպես պատիժ կամ աստվածային պարգև երկնքից:
Չգիտեմ, թե ինչ նկատի ուներ ֆիլմի ռեժիսորը, բայց իմ կարծիքով կենդանիների անձրևն ասում էր այն մասին, որ ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ այն, որ երկնքից կարող են գորտեր թափվել: Այն, որ կյանքի ռիթմին տրվելով մենք չենք նկատում շատ բաներ, կամ էլ շատ ուշ ենք նկատում: Այդ երևույթը խոսում նրա մասին, որ հնարավոր է նույնիսկ այն, ինչ հնարավոր չէ:
Վահագն Արմենյան