Մի տեսակ տխուր էր… Մենությունն, իրոք, ժամանակակից հասարակության հիվանդությունն է:

 

Մենք խենթորեն սեր ենք տենչում, չենք պատկերացնում կյանքն առանց դրա: Մենք պարտադիր պետք է ինչ-որ մեկի մեջ խառնվենք, տարրալուծվենք, «տեղավորվենք»…

 

Մենք հոգեհարազատ մարդու հավերժ փնտրտուքի մեջ ենք, որպեսզի գտնենք այն միակին, հասկացողին, ընդունողին… Մեզ համար այնքան կարևոր է այդ հարազատ հոգին գտնելը, որ հաճախ դիմում ենք աբսուրդ քայլերի. գտնում ենք այնտեղ, որտեղ այն պարզապես չկա: Մենք դիմում ենք երևակայության ու ինքնախաբեության' կյանք տալով սիրո արհեստական օբյեկտին:

 

Ֆիլմի գլխավոր հերոսը' Թեոդորը, հոգի է տալիս մեքենային' համակարգչային ծրագրին, իսկ վերջնարդյունքում նրա կոտրված սիրտը բավականին տրամաբանական ավարտ է, այլ բան չէր էլ կարող լինել…

 

Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ պահի իրեն դատարկված է զգացել: Խոակին Ֆենիքսի հերոսը նույնպես սխալմամբ պնդում էր, որ կյանքում արդեն իսկ ապրել է բոլոր այն զգացմունքները, որոնք պետք է զգար և ինքն այլևս չի կարող որևէ նոր ապրումներ ունենալ: Եվ հենց այդ պահին էլ հերքելով վերը նշվածը' Թեոդորը սնում-աճեցնում է նոր սեր, որը փյունիկի պես վերածնվում է հին հարաբերությունների մոխիրներից:

 

 

Անցյալը դա ընդամենը պատմություններ են, որոնք մենք ինքներս ենք պատմում: Ինքներս ենք ստեղծում ու հնարում: Այո, դա նրա ճիշտն է. այդպես է իր կյանքը որոշել լիրիկական դրամայի գերնրբազգաց ու գերզգայուն երևակայության վարպետը: Ընտանեկան կյանքը չի հաջողվել, սերն անհետացել է… Բայց հենց դրա համար էլ նա արարիչ է, որ ստեղծի նորը:

 

Կյանքը հանդեպ սերը գրավել է ֆիլմի գլխավոր հերոսին, դա հազվադեպ տաղանդ է' հմայվել «ամենքով ու ամեն ինչով»: Չէ որ երջանիկ լինելու համար, ըստ էության, մեզ այնքան էլ շատ բան պետք չէ: Ընդամենը ունենալ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են լավատեսությունը, հետաքրքրասիրությունը, գրկաբաց հոգին, դեպի նոր նպատակներին ձգտելու անհագ ցանկությունը' առանց առկա իրողությունների հետ կապը կորցնելու:

 

Վստահ եմ, որ ֆիլմի ավարտն ամենևին էլ Թեոդորի «վերականգնվող հրապուրվածության» վերջը չէ, այլ պարզապես նորի սկիզբն է: Որովհետև կյանքի հանդեպ սերն ու «արարիչ» լինելու հատկությունը կօգնեն նրան' նոր երջանկության կամ նոր սիրո ճանապարհին: Թեոդորի համար սրանք հոմանիշներ են. կյանք, երջանկություն, թթվածին, սեր…

 

 

 Վահագն Արմենյան