Մոռացված մի երկրում մի քանի հարյուր տարի առաջ ապրում էր Սեկար անունով արքայազն: Սեկարը ուներ տհաճ բնավորություն, անդաստիարակ էր, կոպիտ և գոռոզ: Իսկ ազատ ժամանակը նա անցկացնում էր անվերջ խրախճանքների և պարերի մեջ: Սակայն, աշխարհում ամենից շատ Սեկարը սիրում էր, երբ իր ողջ շրջապատը իրենից վախենում էր:
- Ա՛յ, եթե միայն ես կարողանայի վերափոխվել մի գազանի, - հաճախ կրկնում էր Սեկարը, - ես բոլորին ցույց կտայի՝ որքան է իմ ուժն ո ւ իշխանությունը:
- Կա մի մարդ, ով կարող է քեզ օգնել՝ իրագործելու քո վաղեմի երազանքը, հարգելի՛ արքայազն, - մի օր Սեկարին հուշեց թագավորական երաժիշտը: - Մեծն հրաշագործ Ռատամը, նա միակն է, ով կարող է Ձեզ սովորեցնել վերափոխման հրաշագործությունը:
Հաջորդ օրը հրաշագործին բերեցին ապարանք:
- Ես լսել եմ, որ դու կարող ես մարդկանց վերափոխել կենդանիների, - Սեկարը գոռոզ հայացքով նայեց հրաշագործին, - դա այդպե՞ս է:
- Այդպես է, որ կա, հարգելի՛ արքայազն, - ի պատասխան՝ խոնարհվեց Ռատամը:
- Սովորեցրու՛ ինձ այդ հրաշագործությունը, հենց հիմա՛, - հրամայեց արքայազնը: - Ուզում եմ մեկ ակնթարթում վերափոխվել չար, մոխրագույն գայլի:
- Բայց ինչի՞ համար է Ձեզ դա պետք, օ՜ մեծն արքայազն: - զարմացավ հրաշագործը:
- Նրա համար, որ ես այդպես եմ ուզում,- բարկացավ Սեկարը: - Ես ուզում եմ, որ շրջակա երկրների բնակիչները ահից քար կտրեն՝ միայն ինձ վրա հայացք գցելուց: Ոչ ոք չի կարող ուժով չափվել գազանի հետ, ո՛չ մի մարդ:
- Դե ինչ, - հոգոցով պատասխանեց Ռատամը: - Ավելի հեշտ բան չկա: Միայն թե, հարգելի արքայազն, ուզում եմ զգուշացնել Ձեզ. մարդկանց՝ կենդանիների վերափոխող հրաշագործությունը, հասարակ հրաշագործություն չէ: Դրա իրագործման համար կպահանջվի որոշ ժամանակ:
- Որքա՞ն ժամանակ է քեզ հարկավոր, որ ինձ վերափոխես վայրի գայլի: - հարցրեց արքայազնը:
- Ոչ շատ, - պատասխանեց հրաշագործը:
- Եվ ի՞նչ պետք է ես անեմ դրա համար: Գուցե ես պետք է որևէ կախարդական բառե՞ր ասեմ:
- Ո՛չ մի բառեր էլ հարկավոր չեն, օ՜ մեծն արքայազն: Ձեր կյանքի ոճը և վարքը ամեն ինչ կանեն:
- Դե ինչ, - գոհունակությամբ ձեռքերն իրար շփեց արքայազնը, - կտեսնենք:
Այդպես անցավ մեկ շաբաթ, դրան հաջորդեց երկրորդը, իսկ երիտասարդ արքայազնը, մեծն վերափոխման սպասումով, ամեն օր կազմակերպում էր բուռն խրախճանքներ. նա շատ էր խմում, ուտում, հրահրում կռիվներ և անախորժություններ: Եվ ահա մի օր՝ առավոտյան արթնանալուն պես, Սեկարը նայեց իրեն հայելու մեջ և սարսափեց, քանի որ իր դեմքի կեսը գայլի էր: Գոռալով նա նետվեց Ռատամ հրաշագործի մոտ:
- Ի՞նչ ես արել ինձ հետ, անիծվա՛ծ:
- Այն, ինչ Դուք եք խնդրել, - հանգիստ պատասխանեց հրաշագործը:
- Բայց ես խնդրել եմ ինձ ամբողջությամբ գայլի վերափոխել, իսկ ս՞ա ինչ է, - մատնանշեց արքայազնը՝ ցույց տալով դեմքի գայլի հատվածը:
- Բայց դեռ քիչ ժամանակ է անցել, - Սեկարին հանգստացրեց հրաշագործը: - Մի՛ անհանգստացեք, հարգելի՛ արքայազն: Շուտով Դուք ամբողջովին կվերափոխվեք գայլի:
Այդպես անցավ և որոշակի ժամանակ անվերջ խրախճանքների և ուրախության մեջ: Այդ ընթացքում Սեկարի մոտ պոչ հայտնվեց, մարմինը մորթիով պատվեց, ձեռքերը և ոտքերը վերափոխվեցին երկարճանկ թաթերի, գայլի բերանից արդեն երևում էին ժանիքները: Արքայազնի ուրախությանը սահման չկար:
- Ա՛յ հիմա ես ցույց կտամ բոլորին, թե ինչի է ընդունակ մեծն Սեկարը: - ամբողջ ապարանքով մեկ գոռում էր գայլի կերպարանքով արքայազնը: - Ինձանից կվախենա՛ն: Առասպելներ իմ մասին կգրեն՝ որպես սարսափելի գազան:
Այդպես էլ եղավ: Չկար մի երկիր, որտեղ չտարածվեր առասպելը Սեկար վայրի գայլի մասին: Մարդիկ վախենում էին նրանից, թաքնվում էին իրենց տներում, փակվում էին յոթ կողպեքների ետևում: Իսկ վայրի գայլ Սեկարը, միայն գոհունակությամբ ատամներն էր սրում՝ տեսնելով, թե ինչ ահ ու սարսափ է տարածում մարդկանց վրա: Մի անգամ, նույնիսկ, Սեկարը քիչ էր մնում հարձակվեր և պատառ-պատառ աներ մի ծերունու:
«Ի՞նչ է ինձ հետ կատարվում, - սարսափահար մտածեց Սեկարը՝ նայելով փախչող ծերունու հետևից: - Մի՞թե ես այնքան եմ վերափոխվել գազանի, որ պատրաստ եմ անմեղ մարդու սպանել»:
Սեկարը նետվեց հրաշագործ Ռատամի մոտ:
- Ինձ դարձրու՛ կրկին մարդ, - խնդրեց Սեկարը, - այլապես ես ինձ համար պատասխան չեմ տալիս: Օրեցօր ես ավելի եմ նմանվում վայրի կենդանու:
- Բայց, մեծն արքայազն, Դուք հենց դա էիք ցանկանում, - հակաճառեց հրաշագործը:
- Բայց ես չգիտեի, որ իմ մեջի կենդանին մարդուն կհաղթի:
- Դե ինչ, - մտահոգվեց Ռատամը, - Ձեզ կրկին մարդ սարքելը հնարավոր է, բայց դրա համար շատ ժամանակ կպահանջվի: Հնարավոր է նույնիսկ շատ տարիներ:
- Բայց ինչ՞ու այդպես: - Գայլի նման մռնչաց Սեկարը: - Մի՞թե դու հրաշագործ չես: Մի՞թե դու չես կարող մի հասարակ կախարդանքով ինձ մարդ դարձնել:
- Դուք կախարդանքով չէ, հարգելի՛ արքայազն, որ գայլ եք դարձել, - հանգիստ պատասխանում էր հրաշագործը: - Ձեր կյանքի ոճով եք Դուք այս սարսափելի վերափոխումն իրագործել: Իսկ այժմ օրեցօր Ձեզ մոտ ավելանալու է վայրենիությունը, իսկ մարդկայնությունը պակասելու է: Շուտով Դուք ամենևին կմոռանաք , որ ժամանակին մարդ եք եղել:
- Չի կարող պատահել, - ոռնաց Սեկարը: - Հուշի՛ր, մեծն հրաշագործ, ինչպե՞ս ես կրկին մարդ դառնամ: Մի՛ ոչնչացրու ինձ:
- Այնպես, ինչպես Դուք կենդանի եք դարձել: - պատասխանեց հրաշագործը, - ես այլևս ասելիք չունեմ:
Եվ Սեկարը ստիպված էր լքել ապարանքը, հեռանալ մարդկանցից՝ խուլ անտառ: Երկար ամիսների ընթացքում նա սովորեց լավ որսալ և քնել սառը հատակին: Իր անունը նա ամբողջովին մոռացավ, և այն, որ ժամանակին արքայազն է եղել, շատ աղոտ էր հիշում:
Մի անգամ՝ թափառելով անտառում, Սեկար գայլը հանկարծակի պատահում է գայլի՝ իր ձագերի հետ: Տեսնելով անծանոթի՝ գայլը ատամները սրում է՝ զգուշացնելով գայլին, որ իր ձագերի համար նա պատրաստ է ամեն ինչի: Բայց Սեկարը չէր էլ մտածում նեղացնել էգ գայլին և իր ձագերին: Նրա գլուխը դրանով չէր զբաղված: Շրջվելով՝ Սեկարը ետ դարձավ, սակայն էգ գայլը նրան հասավ: Ըստ երևույթին՝ նա խղճաց միայնակ գայլին:
Այդպես էլ սկսեցին միասին ապրել Սեկարը, էգ գայլը և իր ձագուկները: Սեկարը սիրեց գայլուկներին: Նա նույնիսկ չգիտեր, որ ընդունակ է այդպիսի խորը զգացմունքների ոռնացող գայլերի հանդեպ: Իսկ այն մասին, որ նա երբևէ մարդ է եղել, Սեկարը, ընդհանրապես, մոռացել էր: Այժմ, նա ուներ ամբողջովին այլ կյանք, որից ավելի լավ, նա չէր էլ պատկերացնում:
Սակայն Սեկարի ընտանիքին դժբախտություն էր սպառնում: Մի քանի որսորդ գտել էին նրանց որջը: Որսորդները որոշել էին՝ ամեն գնով ոչնչացնել բոլոր գայլերին:
- Այս կենդանիներից միայն վնաս է, - ասում էին որսորդները և գայլուկների վրա սուր փայտեր էին նետում:
- Ձեռք չտա՛ք նրանց: - Անսպասելիորեն Սեկարը հիշեց մարդկային լեզուն: - Հեռացե՛ք այստեղից, քանի դեռ ողջ եք: - Ատամները սրեց նա: - Այլապես ես բոլորիդ պատառ-պատառ կանեմ:
Վախեցան որսորդները խոսացող գայլից, սարսափելի գոռացին և փախան: Իսկ Սեկարը գրկեց վախից դողացող գայլուկներին և միայն այդժամ նկատեց, որ իր առջևի թաթերը վերափոխվել են ձեռքերի, և որ չորեքթաթ կանգնելն արդեն դժվար էր իր համար: Այդպես, Սեկարը գայլից՝ կրկին վերափոխվեց մարդու:
Վերադառնալով պալատ՝ արքայազնը դեռ երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ կրկին մարդ է և որ անուն ունի: Նա դեռ երկար էր հիշում և՛ իր կյանքը անտառում, և՛ իր տաքուկ որջը, և՛ բարի, քնքուշ էգ գայլին ու ոռնացող գայլուկներին: Շատ բան է եղել Սեկարի կյանքում, սակայն նա երբեք չէր մոռանում սեփական կյանքի ոճի և վարքի հսկա և դաժան կախարդանքի մասին:
Ավա Արդոյից
Յացեկ Էրկա "Չորս եղանակ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան