Բավական հետաքրքրական է հեղինակի “Կենտավրոս” վեպը, (1963), որտեղ գործողությունները կատարվում են 1947 թվականի հունվարյան ընդամենը մի քանի օրերի ընթացքում: Վեպում պատմողը կենասաբանության չքավոր ուսուցիչ Փիթեր Քոլդուելն է, ով ապրում է մի այնպիսի միջավայրում, որտեղ բարեկեցիկ են միայն հարուստներն ու շղթահավորները:Հեղինակի մոտ կա ակնհայտ կարեկցանքն իր հերոսի նկատմամբ: Այստեղ հետաքրքրականն այն է, որ հիանալիորեն զուգորդված են առօրյա կենցաղականն ու առասպելականը, և կարելի է ասել, որ Ափդայքը տուրք է տվել արդի գրականության մեջ նկատվող առասպելականացման միտումին, որ գալիս է Գարսիա Մարկեսից ու Ֆրիշից, և շարունակել է Ջոյսի “Ուլիսես”-յան ավանդույթները:

 

Իրականությունը ներկայացված է վեպի էջերում մետաֆորիկ կերպով, ու ժամանակային անորոշությամբ, ինչով ակնհայտ է, որ հեղինակը ձգտել է ընդգծել, որ վեպում բարձրացված հատկապես բարոյական-էթիկական խնդիրները ևս հավիտենական են ատռասպելական հերոսների նման, իսկ մարդկային բնությունն էլ անփոփոխելի է, և նրանում բանականությունն ու հավիտենականը նույնկերպ են հարաբերվում, ինչպես բարին ու չարը աշխարհի երեսին: Վիպական իրականության մեջ' և իրական, և առասպելական, գործող անձինք են բոլորը' Օլինջեր քաղաքի բնակիչները, որտեղ ապրում է հերոսը, այն դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, որտեղ դասավանդում է հերոսը:Քոլդուելը այս դեպքում արդեն կենտավրոս Քիրոնոսն է, Վերան' Աֆրոդիտեն, Էփըլթոնը Ապպոլոնը, դպրոցի տնօրեն պարոն Զիմմերմանը' Զևսը, իսկ ամերիկյան փոքրիկ Օլինջեր քաղաքը հիշեցնում է մասամբ' դիցերի ու դիցուհիների բնակարան Օլիմպոսը, թեև արդեն ձնեհոսքի օրերի նկարագրություններում այն նմանեցվում է լքյալ ավերակների:

 


Ափդայքի հերոս Քոլդուելի մոտ ուշագրավ է նաև այն, որ վերջինս, ոչ միայն չքավոր է, այլ նաև չունի հետաքրքրությունը սեփականության նկատմամբ առհասարակ; Ոչ առանց ինքնասարկազմի տոնայնությամբ, նա իր որդուն ասում է նույնիսկ, որ ուրախ կլիներ, եթե չունենար նաև այն ավտոմեքենան, որով նա գնում էր ֆերմայից, ուր ապրում էր, իր աշխատավայրը:

 


Ափդայքը հեղինակում է նաև մի բավական ուշագրավ' “Բեքի գիրք” (1970) և “Բեքի վերադարձը” (1976) երկհատորյակ վեպերը, որտեղ ներկայացվում է ԱՄՆ-ում ու Արևելյան Եվրոպայում ճամփորդող ամերիկացի մի գրողի: Հեղինակն իր հերոսին կերտել է բավական հավաքական իմաստով ու այս կերպարի մեջ կարելի է տեսնել իր ժամանակակիցներին' Նորման Մեյլերին, Սոլ Բելոուին, Ֆիլիպ Ռոթին:

 


Սիրային թեմատիկան հեղինակը յուրօրինակ կերպով է ներկայացրել “Արի ամուսնանանք” վեպով: Հեղինակի կարծիքով սիրային թեմատիկան վեպի' որպես ժանրի սյուժետային անբաժանելի ու էական տարրային միավորներից է: Նա նշում է, որ թեև մենք բոլորս էլ կյանքում ունենք այլ ապրումնր ու զգացմունքներ ևս, սակայն դրանցից և ոչ մեկի տեղափոխումը գրականություն և վիպականացումը, սյուժետային ընդգրկումը, չի բերում նույնքան զգայական արձագանքներ, որքան սիրայինի դեպքում է:

 

“Վեպի աշխարհում,- գրում է Աթդայքը,- հերոսը պետք է նախ ապացուցի, որ արժանի է իր ընթերցողի ուշադրությանն արժանանալու պատվին ու պետք է ապացուցի իր ուժով, ներաշխարհի հարստությամբ ու շերտայնությամբ: Նա այդ հետաքրքրությունը պետք է վաստակի”: Մասնագետները Ափդայքին գնահատում են, որպես քննադատական ռեալիզմի ավանդույթների շարունակող գրողի:

 

 

Այսպիսով, աավարտեցինք “Ամերիկյան էլիտար ու մասսայական գրականության” շարքի դասական շրջանը: Հաջորդիվ կներկայացնենք արդեն ամերիկյան էքսպերիմենտալ կամ փորձարարական գրականությունը, որ ասպարեզ է իջել անցյալ դարի վերջին տասնամյակներին ու այսօր էլ շարունակում է իր ընթացքը:

 

Նարեկ Գաբրիելյան