-մաս չորրորդ-

Ջեյք Քերուակի (1922-1969) ստեղծագործական հավատամքը անմիջական կերպով ամփոփված էր նրա գրականության մեջ: Քերուակի գրչին պատկանում են տաս վեպ, որոնցից “Քաղաք և ավան” (1950) վեպն հանդիսացավ “կոտրվածների” մանիֆեստը: Քերուակի վերջին վեպը գրվեց 1966 թ.: Քերուակի արձակը մշտապես համեմատվում է Պրուստի “Կորուսյալ ժամանակի որոնումներում” էպոպեայի հետ: Պրուստի նման Քերուակը ևս իր “Ճանապարհին”, “Գետնահարկի բնակիչները”, “Դհարմայի շրջմոլիկները”, “Դոկտոր Սաքս”, “Մեգգի Քեսսեդի” և այլ վեպեր ներառեց “Դյուլուոզի առասպելը” շարքի մեջ: Գրողի կողմից հորինված սպոնտան մեթոդով հեղինակը իր մտքերը շարադրում է ճիշտ նույն կարգով, որպիսիք այն գալիս են իր գլխում և նպաստում, ըստ հեղինակի, որպեսզի ապահովվի առավելագույն հոգեբանական ճշմարտացիություն և կրճատվի տարածությունը արվեստի ու իրական կյանքի միջև:

 

Սպոնտանության մեթոդը Քերուակին հարազատ էր դարձնում Պրուստի հետ: Քերուակի ստեղծագործությունների մեծ մասում հերոսը ներկայանում էր շրջմոլիկի տեսքով, շրջմոլիկ, ով փախչում էր հասարակությունից, խախտում հանրային օրենքները: “Կոտրվածների” մոտ “քերուակյան ճամփորդությունները” յւորօրինակ “ասպետական որոնումներ” են, սակայն տիպիկ ամերիկյան ձևով. “ուխտագնացություն դեպի Սուրբ Գրաաալ”, որը կարելի է համարել ճամփորդություն դեպի սեփական “ես”-ի խորքերը: Քերուակի համար միայնությունն այն հիմնական զգացողությունն է, որը հեռացնում է մարդուն հասարակությունից, օտարում մարդուն աշխարհից: Հենց սեփական միայնության անձավներից էլ, ըստ այս մոտեցման, պետք է գնահատվեր շրջապատող աշխարհը: Քերուակի ստեղծագործություններում համարյա ոչինչ տեղի չի ունենում, թեև հերոսները գտնվում են մշտական շարժման մեջ:

 

Հեղինակը, պատմողն ու հերոսը նրա մոտ նույնանում են նույն անձի մեջ, սակայն զուգահեռաբար գործում է նաև երկրորդ հերոսը, որի միջոցով էլ հեղինակն իր դիտարկումներն է կատարում: “Ճանապարհին” վեպում պատմողը երիտասարդ սկսնակ գրող Սոլ Փարադայզն է: Նրան շրջապատող մարդիկ մերժում են ամեն բան, սակայն ոչինչ չեն առաջարկում փոխարենը: Սոլի կյանքի հիմնական շրջադարձը մեքենաների առևանգող շրջմոլիկ Դին Մորիարթիի հետ հանդիպումն էր: Վերջինիս կյանքի հավատամքը շատ պարզ էր` ապրել ներշնչված կյանքով, վայելելով յուրաքանչյուր ակնթարթը` առանց մտածելու վաղվա օրվա մասին: Սոլի համար նոր կյանք է սկսվում: Նա արթնանում է դեպրեսիայից ու սկսում ճամփորդել ողջ Ամերիկայով մեկ: Սոլի դիտարկումների շնորհիվ ընթերցողը հնարավորություն է ստանում տեսնել սեփական երկիրը. վայրի Արևմուտքի բնությունը, կովբոյների, ֆերմերների և հասարակ ժողովրդի կյանքն ու կենցաղը: Հենց ճանապարհին նրա մոտ ցանկություն է առաջանում ապրել «ինչպես բոլորը»:

 

Սոլն հանդիպում է մեքսիկացի մի աղջկա, աշխատում բամբակի բերքահավաքում ... Սակայն նրա վերադարձը Նյու Յորք անխուսափելի էր: Վեպի երկրորդ մասը պատմում է Դինի և Սոլի համատեղ ճամփորդության մասին: Այստեղ արդեն Ամերիկան ներկայանում է ընթերցողին մի փոքր այլ կերպ, որակապես փոխված, որը ամենայն հավանականությամբ կապված էր Սոլի հայացնքերի էութենական թարմացման հետ: Այժմ արդեն Ամերիկան ներկայանում էր որպես «միայնակ աքսորականների ու էքսցենտրիկ սիրեկանների երկիր»: Որակապես լրիվ այլ կերպարով է ընթերցողին ներկայանում նաև Մորիարթիի կերպարը: Արտաքին թափթփվածության ու ապրելու ապիկարության ներքո հանկարծ երևան է գալիս անսահման մի եսասիրություն` մտերիմներին ու բարեկամներին կամ ընկերներին երջանիկ տեսնելու ցանկության կատարյալ բացակայությամբ: Դինի ներաշխարհը բացվում է որպես կատարյալ այլանդակ ու կոտրված:

 

Կանանց հետ անթիվ-անհամար կապերը սկսում են ավելի ու ավելի հիվանդագին երևալ, նույնիսկ ծաղրական: Կենսուրախ ինդիվիդուալիստի ներաշխարհը փակվում է: Ակնհայտ է դառնում, որ Քերուակի հերոսները ճամփից ճամփա են անցնում ոչ թե կյանքի հանդեպ ծարավով, այլ դատարկության ու մահվան հանդեպ ունեցած վախով պայմանավորված: Գլխավոր հերոսի կերպարի կերտման գործում Ջ. Քերուակին հաջողվում է ստեղծել աներկբայելի ճշմարտացիություն: Նաև կարողանում է գտնել բավական հետաքրքիր տեսանկյուն . մի քիչ կողքից ու վերևից: Այս տեսանկյունից էլ հերոսները ներկայանում են մշտական շարժման մեջ: Սակայն նրանց որոնումները լի են դատարկությամբ ու միայնությամբ: Սա էլ հենց հանդիսանում է գրոի բողոքն ընդդեմ բարեկեցության, որը նրա կողմից համարվում է որպես հոգևոր մահվան դրսևորում: Այս ամենի հետ մեկտեղ գրողը սակայն չի առաջարկում իր հերոսների ու նաև ընթերցողի համար դրական իդեալ:

 

Դին Մորիարթին Քերուակի մոտ դառնում է որպես ամերիկացու հավաքական կերպար կամ արխետիպ; Վերջինս հանդես է գալիս նաև «Քոդի տեսիլքը» և «Բիգ Սուր» վեպերում: Ավելի ուշ շրջանի գործերում Քերուակի մոտ հերոսի ընկալումը շատ ավելի դրական երանգ է ստանում: Դինն արդեն ապրում է նորմալ ընտանիքում ու ունի պատրաստակամություն հին ընկերներին օգնելու: Շրջապատում դրական իդեալ գտնելու փորձերը հեղինակին ստիպում են հայացքն ուղղել դեպի Արևելյան փիլիսոփայություն: «Դհարմայի շրջմոլիկները» վեպում (1958) հերոսը բուդդայական է` «ով վնասատու չէ բառի գանդիականության իմաստով, ուժեղ Նիցշեի պատկերացմամբ, և զգայականապես ու մտավոր առումով հարուստ Բոդլերի ու Ռիմբոյի նման»: Նրա համար «Ամերիկայում ծնված լինելը ինչ որ մեղքերի համար պատժվածություն է, նշանակում, քանի որ Ամերիկայում ոչ ոք ոչնչի չի հավատում և հատկապես ազատությանը»:

 

Սակայն «հանգստի փիլիսոփայությունն» էլ, որ քարոզվում էր գրողի դզեն-բուդդայական հերոսի կողմից, հերոսներին չի բերում հանգստություն, փրկություն միայնությունից և ազատագրում մեղավորության զգացումից: Քերուակի վերջին ստեղծագործություններում տեղի է ունենում թեմատիկ որոշակի միավորում: Բուդդիզմը միավորվում է ճանապարհի հետ: «Բիգ Սուր» վեպում արդեն մենք հանդիպում ենք ոմն Դյուլուոզի, ով ներկայանում է որպես «կոտրվածների արքա»: Գլխավոր հերոսի կերպարում արտահայտվում են «կոտրվածների» գաղափարախոսության ողջ դեկադենտիստական մոտիվացիան: Հերոսի հոռետեսությունը, նրա ձգտումը «գնալ տուն ու մահանալ սեփական կատվի կողքին» արդեն բավական հեռու էին կյանքի ուրախ ընկալման տոնայնությունից, որպիսին հատուկ էր հեղինակի ավելի վաղ կամ համեմատաբար ավելի վաղ շրջանի գործերին:

 

Ջեյք Քերուակի վերջին վեպը «Հիասթափված հրեշտակներ»-ն են (1965), որտեղ վերակերտվում է «կոտրվածների» կյանքը շարժման ծաղկման շրջանում: Պատմող հեղինակը գտնվում է լեռան գագաթին կատարյալ միայնության լռության ու առանձնության մեջ: Նա սպասում է «լուսավորման», հայտնության, որն էլ նրա համար դառնում են Սուրբգրական ճշմարտությունները: Գալիս է այն միտքը հերոսի մոտ, որ այն ամենն ինչ կենդանի է, ունի ապրելու ցանկություն և չի կարելի սպանել որ ոքի: Հերոսը այդպիսով սովորում է մարդկանց մեջ տեսնելու լավը, դրականը:

 

Նարեկ Գաբրիելյան