Ռուսաստանում ազգայնական հողի վրա սպանությունները տարեցտարի ավելանում են: Դրա մասին է վկայում «Սովա» վերլուծական կենտրոնի այլատյացության և ծայրահեղականության վերաբերյալ հերթական զեկույցը: Սկինհեդների զոհերի ցուցակը գլխավորում են Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները, իսկ դրանց հաջորդում են կովկասցիները (ներառյալ մենք՝ հայերս): Փորձագետների հիմնական մասը կարծում է, որ այս հարցը լիովին կարգավորվում է պետության կողմից, և պետք եղած ժամանակ այս ֆաշիստական խմբավորումները կատարում են պետական համապասխան կառույցների հրահանգները՝ լուծելով ինչ-ինչ կոնկրետ խնդիրներ:
Արդյո՞ք պետությանն այսօր իրապես հարկավոր են նման խմբավորումներ՝ լուծելու համար այնպիսի խնդիրներ, առանց որոնց, հնարավոր չէր լինի դրանց լուծումը: Եթե այո, ապա այդ դեպքում կոնկրետ ի՞նչ կարճաժամկետ, միջնաժամկետ կամ էլ երկարաժամկետ խնդիրներ են լուծում այդ խմբավորումները, և արդյո՞ք նման վտանգավոր միտումը չի դառնա լուրջ վտանգ Ռուսաստանի ազգային անվտանգության համար:
Այն, որ սկինհեդները, կամ էլ նման բնույթի կազմակերպություններ ժամանակ առ ժամանակ ստեղծվել են պետությունների կողմից կոնկրետ թիրախային հարցեր լուծելու համար փաստ է: Շատ չխորանալով պատմական տարբեր ժամանակաշրաջանների մեջ և չմոռանալով, թե կոնկրետ որ երկրի մասին ենք խոսում, փորձենք հիշել հենց այդ երկրում երևույթի ակունքները:
Այսպիսով, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջինը «Ռուսական ազգային միաբանություն» կազմակերպությունն էր (Русское национальное единство), որը ստեղծվեց 1992-93թթ.-ին՝ Ելցինի կառավարության աջակցությամբ՝ հակաչեչենական քարոզչության շրջանակներում: Ինչու հենց հակաչեչենական, քանի որ այդ ժամանակ ընդդիմության ղեկավարը ազգությամբ չեչեն Ռուսլան Խասբուլատովն էր, ով այն ժամանակ նաև Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահն էր: Շատերը նույնիսկ կարծում են, որ հենց նացիոնալիստական շղարշի ներքո Ելցինը գնաց Չեչնիայի (այն ժամանակ դե ֆակտո անկախ Իչերիա) հետ պատերազմի, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի Ռուսաստանում առկա և հասունացող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից:
Ինչևէ, սա սիմվոլիկ առումով կարելի է համարել սկինհեդների հիմնադրման ժամանակաշրջան: Ֆաշիստական խմբավորումները սկսեցին էլ ավելի մեծ թափ առնել Չեչենական պատերազմից հետո, երբ առաջնածում պայքարող զինծառայողները զորացրվում էին և պատերազմական հոգեբանության դաժան ֆոնի ներքո ստեղծում առանձին-առանձին փոքրիկ ֆաշիստական-քրեական խմբավորումներ և «մաքրում» երկիրը բոլոր այլազգիներից («нерусь»): Իսկ 2010թ-ին այս խմբավորումները, ներառյալ դեռ սովետական ժամանակաշրջանում ստեղծված «Память»-ը, արդեն բացահայտ կերպով սկսեցին քարոզել իրենց գործունեությունը՝ ոչ ավել, ոչ պակաս, քան ցույց կազմակերպելով մանեժյան հրապարակում: Սա այնպես, իմիջայլոց փոքրիկ պատմական ակնարկ, մեկ բառով ասած, «սկինհեդների» մասին:
Հիմա եկեք փորձենք հասկանալ այս խմբերի առկայության անհրաժեշտությունը ներկայիս իշխանությունների համար և դրանց կողմից ստեղծվող պոտենցիալ վտանգը պետության համար: Հասկանալի է, որ Ռուսաստանն այսօր ևս կանգնած է մի շարք լուրջ մարտահրավերների առջև: Դրանցից մեկը երկրի դեմոգրաֆիկ պատկերն է: 1992-ից մինչ 2008-ը երկրի բնակչությունը պակասել է 28մլն-ով, որի գերակշիռ մեծամասնությունը կազմում են ազգությամբ ռուսները: Այս երևույթը թե՛ իշխանական էլիտայի, թե՛ հասարակ ռուս նացիոնալիստների մոտ առաջացնում է ինքնապաշտպանական բնազդի նման մի բան՝ պաշտպանելու երկրում առկա ազգերի «հիերարխիկ» պատկերը: Այլ կերպ ասած, դեմոգրաֆիկ խնդրի համատեքստում ռուսները վտանգ են տեսնում երկու ուղղությամբ՝
1. Իրենց իսկ երկրում դառնալ փոքրամասնություն և հայտնվել տարբեր ազգերի (թեկուզև ավանդաբար Ռուսաստանում ապրող և այդ երկրի քաղաքացի հանդիսացող) իշխանության տակ:
2. Երկրի մասնատման վտանգ տարբեր ինքնավար մարզերի և հանրապետությունների միջոցով:
Նման նացիոնալիստական խմբավորումները կարող են վախի մթնոլորտ ապահովել տարբեր ազգերի շրջանում և զսպող օղակ դառնալ այդ հավակնությունների համար և միևնույն ժամանակ կարող են նույնիսկ օգտագործվել տարբեր ընդդիմադիր հավաքներ՝ ցույցեր ցրելու կամ էլ սադրելու համար: Այնպես որ, սրանք կրկին կարող են օգտագործվել որպես «հատուկ գունդ» «հատուկ նպատակների» համար:
Ինչ խոսք կարելի է առանձնացնել մի շարք այլ խնդիրներ, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական (հասարակության ուշադրության շեղում այլ խնդիրենից), միգրացիոն (անօրինական միգրացիայի դեմ պայքար), քաղաքական (կոնկերը երկրներից միգրանտների թվի սահմանափակում) և այլն, բայց, այնուամենայանիվ, կարծում եմ, որ հիմնական պատճառը դա այն ինքնապաշտպանական բնազդն է, որը թելադրում է հարձակվել պաշտպանության նպատակով, սակայն, կարծում եմ, իրենց պատկերացմամբ այս ռազմավարական խնդրի լուծման մարտավարությունը, մեղմ ասած, սխալ է:
Ռուս ժողովուրդն, իրոք, այսօր կանգնած է շատ լուրջ խնդիրների առջև՝ ի դեմս դեմոգրաֆիկի: Վերջերս Ռուսաստանի «Իսլամական կոմիտեի» ղեկավար Հեյդար Ջեմալը համարձակվեց նույնսիկ ՌԴ զինանշանի հետ կապված փոփոխություններ առաջարկել: Նա առաջարկեց արծիվներից մեկը փոխարինել լուսինով՝ հիմնավորելով, որ Ռուսաստանի բնակչությունը կազմված է նաև բազմամիլիոնանոց մահմեդականներով: Այնպես որ, այն, որ Ռուսաստանում ապրող «այլազգիները» կարող են լուրջ գլխացավանք դառնալ ազգությամբ ռուսների համար, ես անձամբ կասկած չունեմ, բայց դժբախտաբար ֆաշիստական այս խբերի համար շատ անգամ տարբերություն չկա, այսպես կոչված, այլազգին չեչեն է, հայ, թե ուզբեկ, նրանք իրենց պատկերացմամբ կատարում են ազգանվեր գործունեություն՝ մաքրելով Ռուսաստանը «нерусь»-ներից:
Մյուս կողմից մի՞թե սա այն միակ և ճիշտ միջոցն է, որով Ռուսաստանի իշխանությունները կարող են այդ հարցը լուծել: Չէ՞ որ ինչպես ժամանակին երջանկահիշատակ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ 2-րդ-ն էր ասել. «Ռուսաստանը միշտ էլ եղել է բազմազգ պետություն, և նրա մեծությունը կայացել է նրանում, որ նա կարողացել է համախմբել նրանց և ապրել ներդաշնակության մեջ»: Այնպես որ, նման քաղաքականությունը կարող է բերել հակառակ էֆֆեկտի և հանգեցնել այնպիսի անդառնալի ազգամիջյան կոնֆլիկների, որոնք վերջնականապես կկործանեն մեծն Ռուսաստանը: Այնպես որ, հուսանք, կամ ավելի ճիշտ թող ռուսները հուսան, որ կկարողանան ստեղծված իրավիճակը վերահսկել կամ լուծել և պատվով դուրս գալ տվյալ ժամանակաշրջանի կողմից մատուցած փորձությունից:
Հայկ Թամրազյան