Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն այսօր լուրջ քննարկման և հասարակական ընդվզման առիթ է դարձել: Բոլորը քննադատում են և համարում են այս բարեփոխումը աննպատակահարմար ներկայիս սոցիալ-տնտեսական հանգամանքներում, սակայն մի բան է, երբ հասարակական տարբեր շերտերն են իրենց ոչ մասնագիտական, երբեմն էլ մասնագիտական մոտեցումներն արտահայտում այս մոդելի վերաբերյալ և միանգամայն այլ բան է, երբ Կառավարությունն է հիմնավորում այս բարեփախման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Այսպիսով ծանոթանալով Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքային խմբի կողմից թողարկված ձեռնարկին՝ բախվում ենք մի քանի ուշագրավ փաստերի հետ:
Առաջին կարևորագույն պատճառներից մեկը, որ փաստորն ստիպել է կառավարությանը ձեռնամուխ լինել իրականացնել տվյալ բարեփոխումը պարզվում է կրում է ժողովրդագրական կոմպոնենտ և այդ ժողովրդագրական խնդիրը ոչ այնքան կապվում է երկրից վերջին շրջանում ահագնացող թվերի հասնող արտագաղթի այլև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձանագրված «ծնելիության բումի» և 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի հետ: Դրան ի հավելումն ասվում է, որ այդ «ծնելիության բումի» սերունդն է առաջիկա տարիների ընթացքում համալրելու կենսաթոշակառուների շարքերը։ Այսինքն փոխանակ Կառավարությունը քայլեր ձեռնարկի դեմոգրաֆիկ պատկերն ուղղելու վերաբերյալ, իրեն ադապտացնում է ստեղծված իրավիճակին և իվերջո մեզ այս կուտակային համակարգի միջոցով համոզում են, որ մենք այս գումարները կուտակելու ենք մեզ, այլ ոչ թե մեկ ուրիշի համար:
Հաջորդ խոչընդոտը գործող բաշխողական համակարգը «կայուն պահելու» հարցում տնտեսական է: Այսպիսով ըստ կառավարության անձի կողմից կատարված պարտադիր սոցիալական վճարումների և նրան ապագայում վճարվող կենսաթոշակի միջև ուղղակի կապի բացակայության հետևանքով աշխատողները շահագրգռված չեն վճարումներ կատարել մի համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ։ Այս մտքի հետ թերևս կարելի է մասամբ համաձայնվել, բայց սրան հաջորդող մյուսի՝ մեղմ ասած ոչ: «Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը»։ Սրան հաջորդում է հարց կառավարությանը, արդյո՞ք հենց այս նոր համակարգը չէ, որ ոչ միայն կդրթի գործատուներին թաքցնել աշխատատեղերի իրական քանակն ու վճարվող աշխատավարձերի մեծությունը: Ներկայիս սոցիալական ծանր վիճակում ոչ միայն կթաքցվեն աշխատավարձերի մեծությունը, այլև ընդհանրապես կմեծանա ստվերում աշխատող մարդկանց թիվը:
Հարց է առաջանում ինչու նրանք, ովքեր ստանում են ավելի քիչ աշխատավարձ պետք է վճարեն 5%, իսկ նրանք ովքեր 500.000-ից ավելի՝ 10-ը: Կառավարությունը մի կողմից պնդում է, որ սա ոչ հարկ է ոչ էլ տուրք, բայց մյուս կողմից այսպես ասած քիչ թե շատ բարվոք պայմաններում ապրող մարդկանցից (հիմնականում ՏՏ ոլորտի աշխատակիցներից) պահանջում են տասնորդ վճարել այն դեպքում, երբ կառավարությունը չի պատրաստվում այն 5%-ը, որ իր կողմից պետք է վճարի քաղաքացու ֆոնդին, վճարում կատարել տվյալ խմբի մարդկանց սոցֆոնդին:
Հետո, եթե կառավարությունը պնդում է, որ այս համակարգը շատ լավն է, ապա ինչու է այն կամավորության սզբունքով զինծառայողների և գյուղացիական տնտեսություն ունեցողների համար: Կառավարությունն ինչ է չի՞ անհանգստանում իր այդ խավի քաղաքացիների ապագայի մասին:
Դեռ շատ ուրիշ կարևոր հարցեր կարելի է բարձրացնել այս «բարեփոխման» կապակցությամբ, սակայն այնուամենայնիվ չեմ կարծում, որ այստեղ հիմնականում մտահոգիչը մարդկանց համար այս համակարգի լավ կամ վատ լինելն է: Մարդիկ պարզապես կորցրել են իրենց վստահությունը իշխանությունների և ընդհանրապես պետության հանդեպ և մեծ հաշվով շատերը լուրջ կասկածներ ունեն, որ այս ֆոնդից նրանք, ի վերջո, մոտ 30 տարի հետո կկարողանան օգտվել:
Հայկ Թամրազյան