Ներկայիս կառավարությանը քննադատելը դարձել է ամենասովորական երևույթնեից մեկը մեր առօրյա կյանքում: Երբեմն մարդ նույնիսկ մտածում է, որ շատերը չափն անցում են և օբյեկտիվ չեն իրենց գնահատականներում, բայց ի՞նչ անել, եթե կառավարությունը գործում է սխալ սխալի ետևից: Այս կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել կառավարության վերջին պայծառ որոշումներից մեկի վրա:

Երեկ պարզ դարձավ, որ կառավարությունը հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին: Գուշակեք, թե լիճը պահպանելուն և վերականգնելուն ուղղված օրենքում ինչ փոփոխություն են մտցրել: Կառավարությունը առաջարկում է իբր ժամանակավոր' մինչև 2019-ի հունվարի 1-ը, Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ' կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից:

Նման դեպքերում մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե լաց լինի: Վերջին տարիների ընթացքում պետական ծրագիր էինք իբր մշակում, որ Սևանը վերականգնենք բառի ամենալայն իմաստով, քանի որ եթե հիշում եք, նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի տարի առաջ բավական սենտիմենտալ մի բան ասաց. «Մենք Սևանին պարտք ենք և պետք է մեր պարտքը նրան հատուցենք»: Կհատուցենք, բա ի՞նչ կանենք, կառավարության «փայլուն» որոշումնրի արդյունքում: Հեսա մի քանի տարվա ընթացքում լիճը կդարձնենք ջրափոս, հետո գլխներիս կտանք' ուշ կլինի:

Ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատվությամբ մոտենալ Սևանի պես առանցքային կարևորություն ունեցող հարցին: Հերիք չէ Սևանը աշխարհի մեծագույն լեռնային լճերից մեկն է և իսկական բնության հրաշք, այն նաև հանդիսանում է մեր երկրի կենսունակության համար ամենակարևոր սյունը: Ինչ եզրահանգման կարելի է գալ նման կառավարման արդյունքում: Կառավարությունը կա՛մ չունի պետական մտածելակերպ, կա՛մ էլ ունի, բայց պարզապես այնքան խելք չունի, որ կարողանա ադեկվատ կառավարել մեր երկիրը: Երկու դեպքում էլ ցավալի է: Ես վստահ եմ, որ պետք է իրավիճակ փոխվի, բայց թե կոնկերտ ի՞նչ ճանապարհով, դա լուրջ հարց է: Ճանապարհներից մեկն իշխանափոխությունն է, որի հնարավորության համար դեռ երկար պետք է սպասենք, իսկ երկրորդ տարբերակը ներիշխանական վերադասավորումներն են, որոնց գուցե երկար չսպասենք, բայց իրավիճակն էլ կարող է արագ չփոխվել:

Մի խոսքով, մեզ համբերություն, իսկ կառավարությանը'խելք:

 

 

Հայկ Թամրազյան