Այսօր Նարեկ Ավագյանը դուրս գրվեց հիվանդանոցից և իր ոտքով գնաց տուն: Նարեկը 3 տարեկանում վթարի էր ենթարկվել, որն իր լուրջ հետևանքներն էր թողել տարիներ անց: 20 տարեկանում նրան Տ-աձև 4-րդ աստիճանի սկոլիոզ հիվանդությունն էին ախտորոշել: ՀՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում արված վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ նրա ողնաշարի թեքության անկյունը 77 աստիճան է կազմում, ուստի շտապ պետք է վիրահատվեր: Իմպլանտը պետք է արտասահմանից բերվեր և արժեր 2.800.000 դրամ: Նարեկի ընտանիքն այդ գումարը ձեռք բերելու համար դիմել էր բազմաթիվ հաստատությունների, կազմակերպությունների, նույնիսկ անհատների, սակայն….

«Առողջապահության նախարարությունից ասացին' այդ վիրահատությունը մեր ցանկում չկա, ուզում է սոված լինես, դու քո գրպանից պետք է տաս: Իմպլանտը թանկ է, դու պիտի գնես: Այս ընթացքում էլ ուր ասես չենք գնացել, բայց ոչ մի հովանավոր չգտնվեց:»,-պատմում է Նելլի Հակոբյանը'Նարեկի մայրը:

Նարեկին աջակցելու հարցում իրենց կարևոր ներդրումն ունեցան նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները: ԵՊԼՀ Բարեգործական հանձնաժողովի անդամները մոտ մեկ ամիս շարունակ ջանք ու եռանդ չխնայեցին, փորձելով հնարավորինս նպաստել դրամահավաքին:

«Շատ եմ չարչարվել, տանջվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Գրեթե հույս չունեի, որ պահանջված գումարը ձեռք կբերվի: Բայց հիմա այլևս վախենալու բան չունեմ.դժվարն անցել է, արդեն քայլում եմ»,-ասում է Նարեկը:

Քիչ չեն տանջվել նաև Նարեկի ծնողները, սակայն հիմա նրանց ուրախությանը չափ չկա.որդին քայլում է:

«Շնորհակալ եմ բոլորին, որդուս օգնած բոլոր մարդկանց: Ֆինանսապես անհապահով լինելու պատճառով երկու տարի շարունակ չէինք կարողանում որդուս ոտքի կանգնեցնել: Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել են: Աստված բոլորին թող առողջություն տա:»,-նշում է Նարեկի հայրը:

Բարեհաջող վիրահատությունից հետո Նարեկին են այցելել նաև ԵՊԼՀ Բարեգործական հանձնաժողովի անդամները:
Մարդիկ, իրենց օգնությամբ, ապացուցեցին, որ Նարեկը մենակ չէ…

 

 

Արմեն Պետրոսյան