Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը վերջերս ԱԺ էր ներկայացրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին օրինագիծ։
«Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո` առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարեւոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետեւ օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլեւ մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել եւ ինչպես երեկ արել է մի դեռեւս անհայտ անասուն` կրակել սեւ արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունը մեկ շաբաթ առաջ կրակել էր այս արագիլի ձագի վրա: Ու օրենքը ահա այն մասին է, որպեսզի մենք կարողանանք նման անասունների ձեռքը բռնել եւ օրենքով ուղեկցել քրեակատարողական հիմնարկ: Եւ մեկ էլ ինձ անչափ հետաքրքիր է՝ այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցմամբ դեմ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին, կամ, դահլիճում նստած` ընդհանրապես չքվեարկացին, ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր եւ իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա: Ի դեպ, բացառիկ Սեւ արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթեւ, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռեւս գործող` Վարչական իրավախախտումների մասին օրենքով մի թեթեւ տուգանքի կենթարկեն` մինչեւ խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը»,–նշել է նա: