Լուսացավ հորանջիս հետ: Կյանքս մի զարկով փոխակերպվեց: Լուսամուտիս երկինքը ուրիշ է ամեն անգամ, երբ պարզ աչքերով եմ նայում: Շրջվեցի դեպի նա. ձեռքը գլխի տակ (ինձ պես) քնած էր գարունների պես խաղաղ, արևների պես տաք: Էլի հասկացա, որ սիրում եմ նրա քնկոտ հևքը երազիս պես անուշ: Տարածեց թևերը' հզոր, տիրական, փռվեց ալարկոտ: Փակ կոպերի տակ զգում էի աչքերի խաղը: Արթուն էր, բայց ձգձգում էր առավոտի պահը: Համբույրս բառացիորեն փախցրեցի:
- Գնամ, սուրճը պատրաստեմ:
Մինչ կհասցնեի դուրս թռչել սավանիս տակից, ձեռքս բռնեց ուժով. դալկացա: Թեթև քամին ի զորու էր անգամ շունչս տապալելու:
- Մի գողացիր բույրդ, սպասիր, առնեմ այն ու թռչեմ, նուրբ արևներ արարեմ' մաշկդ գրկող, ու քեզ պարուրեմ սիրով, սիրով, սիրով... Սիրում եմ քեզ միշտ կողքիս զգալ, որովհետև դու ես իմ այսօրն ու վաղը: Ինչու՞ քեզ երեկ չէի ճանաչում ու ապրում էի' խարխափելով խավարի ու ապակե լույսի մեջ: Ես կուրանում էի անամպ օրերիս մեջ ու սպասում էի քո մաքրությանը, որ կյանքս լցնեիր քեզանով: Դու եկար, չհապաղեցիր, ես ներեցի քեզ ուշանալուդ համար: Հիմա դու իմն ես, դա երկինքն է որոշել: Վերցրու սերս, ու ապրենք մեկմեկու: Մի թող, որ կարոտեմ քեզ, ես պիտի զգամ քեզ, որ ապրեմ: Դու պիտի հավատաս այն լույսին, որը մեզ պահում է միասին, այն կրքին, որ մահից էլ ուժեղ է: Թող ամենատաք անկյունը քեզ համար իմ գիրկը լինի, որ միշտ վերադառնաս, ինչպես այս առավոտ ու բոլոր առավոտները այսուհետ:
Գնամ մեզ համար սուրճ պատրաստեմ:
Ես նայում եմ նրա անհետացող պրոֆիլին: Սիրտս զարկում է աննորմալ, ինչպես առաջին անգամ, երբ տեսա նրան ու հավատացի պարգևներին: Սուրճի բույրը ինձ պոկեց անկողնուց: Նա ինձ է սպասում այնտեղ' իր գրկում:
Լուսացավ հորանջիս հետ: Թաց աչքերս էլի տեսան երկինքը: Լուսամուտս վաղուց մաքրելու կարիք ունի: Շրջվեցի' բարձիս տակից հանելով խունացած նկարդ: Գնամ սուրճս պատրաստեմ...
(Բոլոր աշխարհներում սարքովի տեսել եմ քեզ ուրիշի պատկերով, իսկ իրական աշխարհում ԻՄՆ ԵՍ քո տեսքով)