Մի անգամ Լաոն պատմեց օտարականի այցի և գիշերի մասին նրանց զրույցից:
-Իմաստուն Շո, ի՞նչ նոր բան կասես նրա մասին:
-Գիշերն անհրաժեշտ է:
-Հանգստի համար՝ համաձայն եմ: Իսկ հետո նոր օր է բացվում:
Նաև ստուգման համար, քանի որ կա և ուրիշ գիշեր: Ինչպես կան ցերեկվա մարդիկ, այնպես էլ կան գիշերվա մարդիկ:
Վերջիններս այնպես են խնդրում, որ նա գա, ինչպես առաջինները վախենում են նրանից: Բայց գիշերն ու ցերեկը հերթափոխում են միմյանց բոլոր ազգերի կյանքում: Երբ քեզ այդքան սպասում են, չի կարելի դավաճանել սպասումները: Չէ որ, եթե անգամ դու չգաս, դա կանեն քո փոխարեն...
Օտարականը և Լաոն լսում էին բերանները բաց:
-Նրա մասին հայտնում են նախապես, բայց նա միշտ գալիս է կարծես աննկատ,-շարունակեց Ուսուցիչը,-սկզբում կարող է թվալ, որ միայն մի փոքր մթնել է, որ պարզապես ամպեր են հավաքվել, և որ շուտով լույս կբացվի: Բայց այդպես իրենց են հանգստացնում ցերեկվա համառ մարդիկ: Նրանք, ովքեր սպասում էին դրան, արդեն փոխանակվում են հասկանալի, խոսակցական հայացքներով. «Ահա այն, մոտենում է»:
Ցերեկվա մյուս մարդիկ սկսում են անհանգստանալ՝ փորձելով լույս սփռել կատարվելիքի վրա: Սակայն նրանց չեն լսում՝ անվանելով պանիկյորներ: Համենայն դեպս, շողքերը դառնում են ավելի շատ ու սկսում խտանալ, իսկ արևի շողերը՝ պակասում: Շուրջբոլորն ամեն ինչ գորշանում է, պայծառ երանգները անհետանում են բազմաթիվ պատճառներով: Ոմանք, իրենք են հասկանում, որ հիմա ավելի լավ է հեռանալ, նույնիսկ լրիվ անհետանալ:

 

Իսկ մյուսներին էլ մղում են այնտեղ: Արտահայտում են տարբեր ենթադրություններ. «Մոտենում է արևածագը: Գիշերն արդեն հեռացել է», «Մենք գնում ենք դեպի արևմուտ...», «Վրա է հասնում մութը», «Միթե՞ ինչ-որ մեկին դուր չի գալիս գիշերը»: Հետո մթնում է այնքան, որ կարծես ոչ մի կասկած չի մնում: Կարծես արդեն բոլորն ամեն ինչ հասկացան: Նրանց աչքերում կատարվում է անխուսափելին: Բոլորը կուրանում են և զգուշանում: Բառերում նույնպես: Հատկապես բառերու՛մ: Գիշերվա մարդիկ նորից հագնում են սև, շագանակագույն ու կարմիր... Պայծառ երանգները դուրս են գալիս նորաձևությունից՝ այսուհետ նրանք միայն ծիածանի մեջ են...
Մի իմաստուն մարդ, նման բան վերապրելով, ասել է. «Գիշերը դառնում է տիեզերական: Նրա երկարությունը ողորմելի դարաշրջան է, և կեսգիշերին հատկապես խղճուկ է: Դա այն ժամանակն է, երբ նույնիսկ նա ինքը չի կարող գնահատել իր ոչնչությունը: Տառապանքը դառնում է անանուն... Օգնության կանչելն անիմաստ է»...
Գիշերին ընդառաջ դուրս են հանված բոլոր քաղաքների բանալիները: Հանձնված են ողջույններով և արժանի բացականչություններով.«Օ, մեր կայսրուհի Գիշեր: Դուրս արի», «Մենք՝ քեզ նվիրվածներս, միշտ հավատացել ենք, որ դու կվերադառնաս մեզ մոտ:

 


Մենք կծառայենք քեզ, ինչպես առաջ՝ մութ դարերում՝ քո մութ մարդիկ», «Օ, Գիշեր՛: Ներկայացիր նորից ամբողջ աշխարհին քո ողջ ուժով ու գեղեցկությամբ: Ծածկիր նախորդը...»:
Այս բառերից հետո, լսողները երկար ժամանակ չէին համարձակվում խանգարել լռությունը: Վերջապես օտարականը կտրուկ արտաբերեց.
-ԵՎ ամեն դեպքում նա հավերժ չէ...
-Ինչպես և մենք,-պատասխանեց Շոն:
-Բայց ի՞նչ կարելի է անել:
-Չհանգցնել լուսակալները:
-Իսկ եթե արդեն ուրիշներն են հանգցրել:
-Առավել ևս, եթե ուրիշները հանգցրել են: Թեկուզև դա հույսի մի փոքրիկ կրակ է, բայց այն գրավում է ինչ-որ մեկին: Լինում են ժամանակներ, երբ մոմը հանգում է և թաքնվում, որ նրան չգտնեն և չոչնչացնեն: Որպեսզի հետո լույս լինի մթության մեջ: Շատերը մեռնում են այդ ժամանակներում՝ լրացնելով գիշերվա արյունոտ ցուցակը, բայց միշտ գտնվում է արևածագը ազդարարող մի մոմ:
Ալեքսանդր Բելլից
Արամ Դանիելյան "Հուզմունք"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան