Վերջին ժամանակներում իշխանությունները շրջանառության մեջ են դրել Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը: Եվ հատկապես Եվրախորհրդարանի կողմից շուրջ 10 օր առաջ ընդունված, խորհրդատվական բնույթ ունեցող և ոչ պարտադիր կատարման ենթակա բանաձևից հետո իշխանամերձ շրջանակները հայ հասարակության շրջանում ամեն կերպ փորձում են սպասումներ առաջացնել թե՛ ԵՄ-ին հնարավոր անդամակցության, թե՛ առհասարակ ԵՄ-ի կողմից Հայաստանին ցույց տված իբր բացառիկ վերաբերմունքի վերաբերյալ:
168.am-ը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության, թեկնածուի հնարավոր կարգավիճակի, ԵԽ ընդունած բանաձևի և առհասարակ ԵՄ կողմից ՀՀ-ի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, դրա քաղաքական հետևանքների ու զարգացումների մասին զրուցեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Նիկոլ Փաշինյանի հույսերը բավարարելը չի մտնում ՀՀԿ-ի գործունեության առաջնահերթության մեջ: Հենց մեր ջանքերի շնորհիվ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հանգել են այնպիսի իրավական շրջանակի՝ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր,- Գ.Ս.), որ առ այսօր թե՛ ԵՄ պաշտոնյաները, թե՛ Հայաստանի գործող ռեժիմն այն ընդունում են՝ որպես իրական բարեփոխումների ճանապարհային քարտեզ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա ՀՀԿ-ի կառավարման տարիների արտաքին քաղաքական բացառիկ ձեռքբերումներից է, որն, ավա՜ղ, նույնպես մսխվելու է գործող վարչակազմի կողմից, քանզի այդ համաձայնագրի ոչ մի իրական իմպլեմենտացիա չի իրականացվում:
«Եթե 2017թ. փաստաթուղթն արտաքին քաղաքական վեկտորների իրական փոխլրացման և համադրման արդյունք էր, ինչի մասին վկայում էին թե՛ ռուսաստանյան, թե՛ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ապա այսօրվա «եվրամերձեցման» գործընթացը հետևանք է աշխարհաքաղաքական պայքարում Հայաստանը որպես թնդանոթի միս ներգրավելու՝ փաշինյանական արկածախնդրության: Ռեժիմի պարագլուխը ցանկանում է նաև արհեստական և վտանգավոր օրակարգերով նոր բաժանարար և պառակտիչ գծեր ստեղծել հայ ժողովրդի ներսում՝ սպասարկելու համար օտար գեոպոլիտիկ գերակայություններ»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։