ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն (Դաղստան), որը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի համար նախկինում շրջագծված առաքելությունն այլևս արդիական չէ, իսկ նոր առաքելություններ «ձևակերպելը» այլևս անհրանին է։
Ըստ էության, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը (կամ դրանց նոմինալությունն ու պատրանքը) Հարավային Կովկասի այս հատվածում, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով որոշում։
Նման որոշումը, կամ Ռուսաստանի հետքայլը, ակնհայտորեն, ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային և Արևմուտքին, և չի բխում Ռուսաստանի շահերից, ինչը ենթադրություններ է առաջացնում, որ Մոսկվան իր խաղաղապահ զորքերի դուրսբերման շուրջ միջազգային ասպարեզի այլ մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշակի զիջումներ կամ խոստումներ է ստացել: Դիտարկումներն ու կանխատեսումները՝ կապված նրա հետ, թե կոնկրետ ինչ է առաջարկվել Ռուսաստանին՝ որպես փոխհատուցում նման քայլի համար, պատված են անորոշությամբ և բուռն քննարկումների ու վերլուծության առարկա են դարձել փորձագիտական հանրության շրջանում։
Սակայն այս համատեքստում պարզ և հստակ է մի բան, որ Հայաստանի շահերն ու նկրտումները, ակնհայտորեն դուրս են մնացել բանակցությունների ժամանակ քնարկված առաջնահերթությունների շրջանակից՝ առանց պատշաճ ուշադրության արժանանալու, չնայած արդարության համար պետք է արձանագրել, որ ներկա ժամանակահատվածում մեր երկրի շահերն ու ցանկությունները ձևակերպելու և միջազգային ասպարեզներում ներկայացնելու ունակություն ունեցող անձինք կամ կառույցներ գոյություն չունեն։
Ռուսաստանի կողմից իր խաղաղապահ զորքերի դուրսբերումն Արցախից մեկ անգամ ևս ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները՝ ցույց տալով խաղաղապահության, դիվանագիտության և միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերի կշիռն ու բարդությունը։ Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»։