ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի որոշ մտքեր մտաբերելով սկսեցի հիշել 2018-ին նախորդած Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներն իրենց որակով, իրենց օդիոզ սուբյեկտների ամբողջությամբ, իրենց մականունավոր հերոսներով, կիսաքրեական կամ քրեական հեղինակություններով, օրակարգում առկա լրջագույն խնդիրներով և դատարկվող երկրով։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց կիսաքրեական, իսկ երբեմն ամբողջությամբ քրեական որոշումներով փաստացի երկիրը հասցրել էին մի եզրի, երբ արդեն ասելու բան չունեինք: Ինչ ասեինք, ում ասեինք, ինչպես ասեինք: Այլևս ինչպես ասեինք Պաշտպանության նախարարին, Գերագույն գլխավոր հրամանատարին, որ պետք է ձեռնարկել անհապաղ և կտրուկ քայլեր բանակի վերազինման, արդիականացման և վերակազմակերպման համար, ում ասեինք, որ իշխանությունը պետք է անհապաղ սեփական գրպաններից գտնի միջոցներ Հայաստանի և Արցախի առաջնագիծը գերժամանակակից պաշտպանական տեսքի և որակի բերելու։
Միևնույն ժամանակ, նաև պարզ են պատճառները, թե ինչու էր իշխանությունն այդքան անտարբեր բանակի իրական խնդիրների առջև։ Ինչ խոսք, իշխանությունն ինքն էլ չէր ցանկանա, որ իրավիճակը բանակում լիներ այդպես ողբերգական, բայց խնդիրն այն է, որ դրա դեմն առնելու համար պետք էր լրջորեն սանձել բանակի, այսպես կոչված, դաշտային գեներալակազմին: Մինչդեռ այդ դաշտային մտածողության և հոգեբանության տեր մարդիկ էին, որ նպաստում էին իշխանության վերարտադրությանն ընտրական գործընթացներում:
Այսինքն` Հայաստանի իշխանության համար կշեռքի մի նժարին իշխանությունը պահպանելու հարցն էր, իսկ մյուս նժարին՝ զինվորների կյանքը պահպանելու հարցը: Եվ այդ պայմաններում իշխանությունն ընտրել էր իր դիրքերը` չցանկանալով հատկապես ընտրություններից առաջ նեղացնել գեներալներին: Իսկ զինվորների կյանքը՝ ինչպես դասավորվի:
Եթե ինչ- որ բան էլ տեղի ունենա, ապա կարելի է նենգափոխել իրողությունները, հասարակության մեջ թշնամիներ որոնել, գործի դնել քարոզչական բոլոր լծակներն ու լռեցնել հանրության ձայնը, խլացնել իշխանական աղմուկով: Իսկ այդ հարցում էլ, հանուն արդարության պետք է նկատել, իշխանությանն զգալիորեն օգնում էր հասարակության մի ստվար հատվածի անտարբերությունը:
Բանն այն է, որ մի ստվար զանգվածի համար խնդիրը կշիռ և նշանակություն էր ձեռք բերում ցավին անմիջականորեն առնչվելու դեպքում միայն, ինչից էլ, բնականաբար, օգտվում էր իշխանությունը: Մինչդեռ հասարակությունը պարզապես իրավունք չուներ լինել անտարբեր, քանի որ, դժբախտաբար, ոչ ոք չգիտեր, թե հաջորդն ում գույժը կարող է գալ առաջնագծից»: