ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը:

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1920թ. նոյեմբերի 22-ին, Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը:

Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և ստորագրման պահից մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.

1) կատարման համար պարտադիր է,

2) իրավական տեսանկյունից անբեկանելի է,

3) իրավունքների գոյության առումով անժամանցելի է: Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի ու Ռումինիայի և դրանց իրավահաջորդների համար, քանի որ կայացվել է վերջիններիս անվերապահ հայցադիմումի (compromis՝ կոմպրոմի) հիման վրա։

Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ սահմանված կարգով հաստատված է ԱՄՆ Մեծ կնիքով, ԱՄՆ նախագահի ստորագրությամբ և ԱՄՆ պետքարտուղարի ենթաստորագրությամբ:

Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ Իրավարար վճիռն ի կատար ածելը դրա կողմերի, այսինքն՝ հայցադիմումն ստորագրած բոլոր երկրների, անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը:

Այդ օրվան 100-ամյակի առիթով, ստորև ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի 2015թ. ապրիլին հրապարակված վերջնական զեկույցի «Համառոտ շարադրանք»ի համապատասխան բաժինը:

ԳԼՈՒԽ 5. ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ

1918-ին հիմնադրվում է Հայաստանի առաջին հանրապետությունը, որի կազմում ընդգրկված էին նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների հողեր: Առաջին աշխարհամարտի դաշնակից տերությունները 1920թ. ապրիլի 26-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշելու խնդրագիր: 1920թ. մայիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին փոխանցում է ԱՄՆ նախագահի համաձայնությունը հանդես գալ որպես իրավարար: 1920թ. օգոստոսի 20-ի Սևրի պայմանագիրը հաստատեց նախագահ Վիլսոնին հղած իրավարարության խնդրագիրը: Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն անցնում էր Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներով: Այդ տարածքներն անցնում էին Հայաստանին՝ նաև ելք տալով դեպի ծով:

Եթե պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր, որ այն վավերացվեր, ապա իրավարար վճիռը, միջազգային իրավարար օրենքի համաձայն, վավերացման կարիք չուներ: Ըստ իրավարարության միջազգային օրենքի՝ ընդունվելուց հետո վճիռը պարտադիր է դառնում կողմերի համար, անկախ պայմանագրի կամ այլ համապատասխան համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց կամ չմտնելուց, եթե այն համապատասխանում է իրավարար վճռի օրինական և իրավական ուժ ունենալու համար անհրաժեշտ չորս չափանիշներին: Վիլսոնի իրավարար վճիռը ճշտորեն համապատասխանում էր այդ չափանիշներին:

(1) Իրավարար(ներ)ը չպետք է ենթարկված լինեն որևէ արտաքին ազդեցության՝ ճնշման, կաշառքի կամ կոռուպցիայի: Գոյություն չունի որևէ ապացույց, թե նախագահ Վիլսոնը ենթարկվել է ճնշման, կաշառքի կամ կոռուպցիայի:

(2) Ապացույցները չպետք է կեղծված լինեն և ունենան էական սխալներ: Հանձնաժողովի կազմի և գործունեության հետազոտումը հաստատում է, որ այս չափանիշի պահանջները կատարվել են: ԱՄՆ նախագահը հավաքել էր փորձագետների կոմիտե, որը կոչվում էր Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման կոմիտե: Կոմիտեի նախագահը Վիլյամ Լին Վեսթերմանն էր, որն այդ ժամանակ Վիսքոնսինի համալսարանի պրոֆեսոր էր, այնուհետև մինչև 1948թ., Կոլումբիայի Համալսարանի պրոֆեսոր: Նա Մերձավոր և Միջին Արևելքի պատմության և քաղաքականության մասնագետ էր: 1919-ին նա ղեկավարում էր Փարիզի խաղաղության բանակցություններում ԱՄՆ հանձնաժողովի Արևմտյան Ասիայի բաժինը: Գլխավոր աշխատակիցներն էին՝ ԱՄՆ Բանակի Գխավոր շտաբի անդամ, մայոր (և պրոֆեսոր) Լոուրենս Մարտինը, որը որպես աշխարհագրագետ մասնակցել էր Հարբորդի առաքելությանը, և ԱՄՆ Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի բաժնի աշխատակից Հարիսոն Դուայթը: Հանձնաժողովի բոլոր անդամները գիտակ, փորձառու և անկողմնակալ փորձագետներ էին: Նրանց աշխատանքն առ այսօր շարունակում է մնալ որպես նմանատիպ գործընթացների օրինակելի մոդել: Նրանք օգտագործել էին զանազան վստահելի աղբյուրներից ստացած հսկայական տեղեկություններ, որոնցում հաշվի էին առնվում՝ «բնական սահմանի» և «նոր պետության աշխարհագրական ու տնտեսական միասնականության» անհրաժեշտությունը, (բնակչության ազգային և կրոնական գործոնները հաշվի էին առնվել միայն որոշակի չափով), անվտանգության և դեպի ծով ելք ունենալու հարցերը:

(3) Խնդրագիրը պետք է վավերական լիներ: Վավերականությունը հաստատվում է այն փաստով, որ բոլոր համապատասխան կողմերը, այդ թվում Հայաստանը և Թուրքիան, տվել էին իրենց համաձայնությունը: Թուրքիայի կառավարությանը հնարավորություն էր տրվել Սևրի պայմանագրի քննարկման շրջանակներում առարկելու իրավարար վճռին, սակայն Թուրքիան որևէ առարկություն չէր ներկայացրել: Խնդրագիրը ստորագրվել էր Օսմանյան կայսրության օրինական կառավարության ներկայացուցիչների կողմից:

(4) Իրավարարները չպետք է գերազանցած լինեն իրենց լիազորությունները: Խնդրագրով իրավարարին խնդրանք էր ներկայացվում՝ (ա) որոշելու Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում, (բ) Հայաստանին տրամադրել ելք դեպի ծով, (գ) մշակել թուրք-հայկական սահմանին հարակից շրջանների ապառազմականացման դրույթները: Իրավարար վճիռը ճշգրտորեն կատարել էր այդ պայմանները և այլ տարածքների վերաբերյալ որևէ բան չէր պարունակում»: