ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հետ այսօրվա հանդիպման որպես ամփոփում՝
     Արցախի ու Հայաստանի զինված ուժերը, համայն հայության աննախադեպ աջակցությամբ հերոսաբար դիմակայում են Թուրքիայի բացահայտ հրահրմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։ Մենք մարտի դաշտում տեսնում ենք մեր գերմարտունակ բանակի գործողությունները, որոնք ուղեկցվում են իրական, աներևակայելի հերոսապատումներով։
     Այս օրերին, հենց այս պահին Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կայացնում է բազմաթիվ ռազմավարական, մարտավարական և առանց չափազանցության ճակատագրական որոշումներ։
     Առաջնագծում տեղի ունեցող գործողություններին համապատասխան կատարվում է քաղաքական, դիվանագիտական ահռելի աշխատանք, և հակառակը՝ ճակատի իրադարձությունները համապատասխանեցվում են թիկունքում կատարվող քաղաքական աշխատանքին ու ձեռքբերումներին։
     Միջազգային հանրությունը գրեթե աներկբայորեն արձանագրել է, որ պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի աջակցությամբ և ամենակարևորը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության առանձին այլ երկրների ղեկավարների մակարդակով հաստատվել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վարձկան ահաբեկիչներ ուղարկելու փաստը։ Այսինքն՝ միջազգային արձանագրում է ստացել այն իրողությունը, ինչի մասին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է պատերազմի մեկնարկից ի վեր՝ Արցախն ու Հայաստանը պատերազմում են ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած միջազգային ահաբեկչության։
     Ի շարս մյուս ուղղությունների, այս պահին չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ տարվող քաղաքական, դիվանագիտական աշխատանքը։ Պատերազմական այս իրավիճակը կարծես առիթ է դառնում մեր ռուս գործընկրենյրեի հետ նախկին բոլոր տարաձայնությունները հարթելու, հայ–ռուսական հարաբերություններում առկա անհասկացվածության պատը վերացնելու համար։ Պատերազմը փորձություն է մեր երկու ժողովրուրդների դաշնակցության համար, վստահաբար հայ և ռուս ժողովուրդներն այս փորձությունը հաղթահարելու են պատվով։
     Վարչապետի հետ այս հանդիպումը վկայում է, որ պատերազմը փորձություն է նաև ներքաղաքական դաշտի քաղաքական ուժերի համար։ Որոշ բացառություններով, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքական ուժերը, քաղաքական դասն ընհանուր առմամբ հաղթահարում են այս փորձությունը, ինչը վստահաբար ամրացնելու է և՛ պետությունը, և՛ քաղաքական համակարգը, և՛ առանձին կուսակցություններին»: