ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

12 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի օգոստոսի 7-ին, մեկնարկեց ռուս-վրացական պատերազմը, որը տևեց ուղիղ հինգ օր և ավարտվեց օգոստոսի 12-ին։ Կարճատև այդ պատերազմը շրջադարձային նշանակություն ունեցավ մեր տարածաշրջանի համար. ռեգիոնը ըստ էության վերադասավորվեց ինչպես աշխարհագրական, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։

Հնգօրյա այդ պատերազմի ընթացքում, բացի արկերից ու նռնակներից, սակայն, պայթեցին նաև մի շարք քաղաքական և աշխարհաքաղաքական միֆեր ու ստերեոտիպեր։ Կարճատև պատերազմի ընթացքում ամբողջությամբ ի դերև եղան այն համոզումները, որ Ռուսաստանն իր շահերը պաշտպանելու համար տանկեր չի մտցնի այլ՝ ինքնիշխան երկրի տարածք։ Ռուսաստանն ապացուցեց ճիշտ հակառակը և ընդամենը հինգ օրվա ընթացքում իրեն բռնակցեց Աբխազիան ու Հարավային Օսիան՝ արմատապես փոխելով ուժերի տարածաշրջանային դասավորությունն ու հավասարակշռությունը։

 

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը հօդս ցնդեցրեց նաև այն միֆերն ու պատրանքները, թե Արևմուտքը հանուն իր հարավկովկասյան դաշնակցի ուղղակի դիմակայության մեջ կմտնի Ռուսաստանի հետ։ Արևմուտքի աջակցությունը սահմանափակվեց սոսկ քաղաքական հայտարարություններով ու միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությամբ։ Վրաստանը մենակ մնաց իր խնդիրների ու կորցրած տարածքների՝ ըստ էության անդառնալի իրողության հետ։

Ռուս-վրացական պատերազմը, բացի դրա մասնակից կողմերից, դասեր էր պարունակում նաև հարևան երկրերի, այդ թվում մեզ՝ Հայաստանի համար։ Այդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ կորուստներ կարող են կրել հետխորհրդային երկրները աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության համար։ Ռուս-վրացական պատերազմը սթափեցնող դաս էր մեզ համար առ այն, որ մենք որևէ պարագայում պատրաստ չենք ու չենք կարող վճարել այն գինը, որը վճարեց Վրաստանը Ռուսաստանին դիմակայելու ու աշխարհաքաղաքական ուղղվածությունը արմատապես փոխելու համար։

Արցախյան խնդիր ունեցող Հայաստանի համար այդ դասը առավել քան ուսուցողական էր ու կարևոր՝ հետագա հետևությունների ու դրանց հիման վրա արտաքին քաղաքականություն կառուցելու համար։ Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ավելի լայն, գլոբալ համատեքստն այն էր, որ մենք, ըստ էության, գտնվում ենք դեռևս ԽՍՀՄ փլուզման ու ավելի մեծ տարածաշրջանային իրողությունների ձևավորման, նախկին իրականության վերափոխման ու վերակազմավորման փուլում։

Ռուս-վրացական պատերազմը առանձնահատուկ նշանակություն ուներ ու այդպիսով փորձաքար էր նաև Հայաստանի համար, քանի որ դրանում ներգրավված էին մի կողմից՝ մեր հարևան ու բարեկամ երկիրը, մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակից պետությունը։ 2008 թվականին մենք կարողացանք հաջողությամբ դիմակայել այդ փորձությանը և պահպանել պատշաճ չեզոքություն՝ հանդես գալով միայն ու բացառապես միջնորդի, խաղաղարարի դիրքերից, այլ պարագան, կողմերից որևէ մեկին թեկուզ աննշան պաշտպանությունը կործանարար հետևանքներ կարող էր ունենալ Հայաստանի համար։

Ամեն տարի օգոստոսի 7-ին, հիշելով ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, մենք նախ հարգանքի տուրք ենք մատուցում այդ ռազմական գործողությունների հետևանքով զոհված անմեղ քաղաքացիների հիշատակին, ապա նաև արձանագրում ենք, թե իրականում որքան փխրուն է առաջին հայացքից հարատև թվացող խաղաղությունն ու կայունությունը, և որքան ջանք է անհրաժեշտ այն պահպանելու համար։