Պատգամներ սկսնակ սիրածներին

— Երկրորդի առկայությունը պարտադիր չէ, սկզբից հաշտվեք ձեր ներկայության հետ, որ հետո հաշտվողից հետազոտող դաստիրակեք։
— Մենք նախատեսված ենք խմբերով ապրելու համար, բայց ինքնորոշման և ազատագրման ճանապարհը միայն մենակ է հնարավոր անցնել։
— Եթե դուք ինքներդ ձեզ չեք հերիքում, ապա ուրիշն էլ չի հերիքելու։
— Երկրորդը ձեզ չի պատկանում, սկի դուք ձեզ չեք պատկանում, պատկանելությունը սխալ հարաբերություն է։
— Հարաբերությունները միասին անցնելիք ճանապարհ է, ոչ թե միմյանց պատկերացումներին համապատասխանելու ստուգարք։
— Ճանապարհը ժամանակի ու տարածության մեջ տեղաշարժ չէ, ճանապարհը մեր անխուսափելի և անդառնալի տրանսֆորմացիաներն են․ եթե ձեզ ու ուղեկցին ուշադիր չզննեք ընթացքում, մի օր կտեսնեք, որ երկու տարբեր մարդիկ են իրար հետ, որոնցից երկուսին էլ չեք ճանաչում։
— Ինչ-որ պահից սկսած ցանկացած հարաբերության վերջը դառնում է կանխորոշված, դրա համար պետք է սովորել անընդհատ նորից սկսել, հատկապես նույն մարդու հետ, որովհետև նոր մարդու հետ շատ ավելի սկզբից եք սկսելու, չնայած էդ մեկը հանգամանքների ու հավեսի հարց է։
— Երկու հոգին միավորվում են ստեղծելու բաներ, որ միայն երկու հոգով է հնարավոր ստեղծել։
— Կարելի է իմաստավորել, ռոմանտիզացնել և բացարձականացնել հարաբերությունների զգայական կողմը՝ կտրելով բազմանալու անհրաժեշտության համատեքստից, բայց մի մոռացեք, որ այդ թմրեցնող քիմիան բնությունը նախատեսել է բազմանալուն հարակից ցավերը մեղմելու համար, ինքն իր հարցերն է լուծում, դուք միջոց եք։
— Երկուսի միությունը սեռականությունից դուրս ավելի մեծ չքնաղություններ ունի պահած։
— Բայց եթե մի օր ամեն ինչ սկսում է տառապանքի վերածվել, պետք չի անցնել դիմանալու և գոյատևելու կուռ ռեժիմին, անգամ եթե էդքան ուժեղ եք, դրանով դուք թքում եք ձեզ լույս աշխարհ բերելու համար միլիոնավոր կանանց և տղամարդկանց, միլիոնավոր սերունդների, միլիոնավոր տարիների ջանքերի վրա։ Այն ինչի հետ դուք նույնականացնում եք ձեզ՝ պատահականա սնունդի, գաղափարների, մարդկանց ու տեղանունների, հանգամանքների բերումով կուտակված ինքնություն է, այդ դուք չեք։ Իսկ ով եք դուք։ Սկսեք նորից կարդալ առաջին պատգամները։

Կարեն Անտաշյանի էջից: