Լոռու բնակավայրերի, բնության և պատմամշակութային արժեքների մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ դրանք անսահման են: Իմ մտորումներում քանիցս անդրադարձել եմ ծննդավայրիս հիմնախնդիրներին, շատ հաճախ հպարտացել նվաճումներով և փառահեղ նախնիներով: Սակայն այսօր քննարկման թեման այլ է, կխոսեմ վերջին օրերին լրատվալան «թոփ»-երում առաջնային լուրերից մեկի` Արդվի համայնքում զարգացող դեպքերի մասին:
Մի փոքր դիտարկում գյուղի մասին: Գյուղն ամիջական կապ ունի Հովհաննես Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի (717-728թթ.) հետ, ով մեր ժողովրդի արժանավոր զավակներից է, բոլոր ժամանակների ամենանշանավոր հոգևոր գործիչներից մեկը, մեծ հայրենասեր, իմաստասեր: Նա Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության գերիշխանության պայմաններում դիվանագիտական հավասարակշռություն էր պահպանում` հանուն ազգային շահի: Հենց դրանից ելնելով էլ հրաժարվեց կաթողիկոսական գահից և ճգնության քաշվեց Արդվու վանք, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Քչերին է հայտնի, որ Արդվին նախաքրիստոնեական գյուղ է, համայնքում առկա են նախաքրիստոնեական մի քանի գերեզմանատեղիներ: Գյուղը հայտնի է նաև իր իշխանական ծագում տոհմական արիստոկրատներով` Քալանթարյաններով. գյուղի մերձակայքում ներկայումս գտնվում է նրանց տոհմական դամբարանը:
Օրերս գտվնելով Օձունում տեղեկացա, որ որոշ անձիք ցանկանում են Արդվի-Օձուն և Մղարթ համայնքներին հարող բարձունքում հանքաերևակման աշխատանքներ կատարել: Ինչ խոսք հանքարդյունաբերությունը մեր երկրի արդյունաբերության լոկոմոտիվն է, սակայն տվյալ պարագայի խոսքը դրա մասին չէ: Հանքի շահագործմամբ ամբողջությամբ խախտվելու է տարածաշրջանի էկոհամակարգը: Աղտոտվելու է Արդվու խմելու ջրի ակունքը և անասունների խոտհարքները: Արդվին պատմամշակությաին արժեք է ներկայացնում և ՀՀ տուրիզմի զարգացման համար լուրջ հարթակ կարող է հանդիսանալ, իսկ հանքերը, պոչամբարներն ու հանքների թափոններն ուղղակի հակատուրիստական միջավայր են ապահովում
Խնդրի հետ կապված արդվեցիներն անգամ ճանապարհը փակեցին չթողնելով ընկերության ներկայացուցիչներին գյուղում կազմակերպել երկրորդ հանրային լսումները:
Ներկայումս խնդիրը վաակում վիճակում է. մնում է հուսալ, որ պատկան մարմիններն ու ոլորտի պատասխանատուները խնդիրը կպահեն «խոշորացույցի տակ» և թույլ չեն տա այդ հրաշքի ամայացմանը:
Հ.գ. Սովետի ժամանակ ռայկոմի բոլոր քարտուղարներն իրենց քեֆերի ժամանակ ուտում էին միայն Արդվուց բերված գառ, որովհետև ամենահամովը համարվում է Արդվու հանդի գառը: