Նախորդ հրապարակմանս մեջ ներկայացրել էի թիֆլիսահայ բարերար Միքայել Արամյանցի` նախորդ դարսկզբին կառուցված փառահեղ դղյակի կործանման մասին: Դղյակը գտնվում աղետալի վիճակում է և հնարավոր է ընդհանրապես ոչնչանա: Խնդրի հետ կապված մտավորականներ անգամ դիմել էին գործադիրի ղեկավարին. այսօր արդեն պարզ դարձավ, որ դղյակի թնջուկը քայլ առ քայլ լուծման է գնում:
Արամյանցի դղյակը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող օբյեկտը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար:
Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները:
Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:
Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվեց առողջարանային ու հանգստի կենտրոնի վերանվանվելով Ալավերդու «Դեբեդ» տուրիստական հանգրվան: 1992 թ. ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիան այն սեփականության իրավունքով հանձնեց Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005-ին այն ընդամենը 1 մլն 200 հազար դրամով վաճառեց ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը (Տեր-Պողոսյանը 2012 թ. դատապարտվեց 15 տարվա ազատազրկման մանկապղծության մեղադրանքով, իսկ 2014 թ. բանտում մահացավ):
Սպասենք դղյակի շուրջ հետագա զարգացումներին…
Արմեն Հովասափյան