Այսօր վերջապես ՓՄՁ շերտի ներկայացուցիչ ցուցարարների ու վարչապետի հանդիպումը տեղի ունեցավ: Ակցիայի մասնակիցներից 10-15 հոգանոց խումբ մտավ կառավարության շենք և վարչապետի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրեց առևտրականների խնդիրները:
Որոշ լուծումներ կարծես թե գտնվել էին, թեև վերջնական համաձայնություն չի եղել և առևտրականների առաջարկներն ու բողոքները դեռ պետք է քննարկվեն կառավարությունում, իսկ պատասխանը բողոքի ակցիայի պատասխանատուներին պետք է ներկայացվելու է երկուշաբթի օրը:
Բայց ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցած ցուցարարներն արդյունքներից գոհ էին: Երկու կարևորագույն խնդիրներ էին քննարկվել' առաջինը, որ հարկման տեսակի ընտրությունը թողնվելու է առևտրականների ցանկությանը, երկրորդ' Շրջհարկի կիրառման շեմը, որն այժմ 58 մլն դրամ է, բարձրացվելու է:

 

 


Եթե հնարավոր էր ըստ էության նորմալ, արդյունավետ քննարկում կազմակերպել, հարց է ծագում, ի՞նչն էր պատճառը, որ մինչ այս այդ հանդիպումը տեղի չէր ունենում: Ցուցարարները կտրականապես հրաժարվում էին պատվիրակություն կազմել ու ուղարկել հանդիպման: Այն պահանջը, թե վարչապետը ինքը պետք է իջնի և կառավարության շենքի դիմաց պետք է տեղի ունենա քննարկում, միանշանակորեն անիրականանալի էր, քանի որ այդ միջավայրում չի կարող քննարկմում ծավալվել:

 

 

Այսինքն' հանրահավաքային միջավայրի պայմաններում առողջ քննարկումը անհավանական ու անհնարին բան է:
Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ այն անձինք, ովքեր անընդհատ քաղաքական ենթատեքստ էին հաղորդում շարժմանը, կամ փորձում էին պրովոկացիոն մեթոդների դիմել, միայն պակասեցնում էին խնդրի կարգավորման հավանականությունը: Ուստի, խնդրի լուծմանը հասնելու ամենակարճ ճանապարհը բուն խնդրի շուրջ ցուցարար-վարչապետ ձևաչափով երկխոսություն կազմակերպելն է' առանց տարատեսակ քաղաքական ուժերի միջամտության, որի արդյունքում սոցիալական խնդիրը դառնում է շահարկման առարկա:

 

 

 

Էրիկ Միլլեր