Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նպատակ ունեն եռակողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի։ Այդ մասին Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան ֆորմատով 5–րդ բիզնես ֆորումին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը։
2016թ–ին Ադրբեջանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը հասել է 2,3 միլիարդ դոլար, իսկ Վրաստանի հետ' 395 միլիոն դոլար։
Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում են իրականացվել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագիծը, այս տարի նախատեսվում է սկսել կյանքի կոչել TANAP գազամուղը։ Ադրբեջանական բիզնեսը Վրաստանում ներդրումների առումով առաջատարն է'Վրաստանի գրեթե ողջ գազը մատակարարվում է Ադրբեջանից։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը նշել է, որ ադրբեջանական ընկերությունների ներդրումները Թուրքիայում հասնում են 9 միլիարդ դոլարի, Վրաստանում'3,4 միլիարդ դոլարի։ Այս պահին Ադրբեջանում գործում է թուրքական կապիտալով երեք հազար ձեռնարկություն, իսկ Թուրքիայում ադրբեջանական կապիտալով մոտ երկու հազար ձեռնարկություն։ Թուրքական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 11 միլիարդ դոլար, իսկ ադրբեջանական ներդրումները Թուրքիայի տնտեսությունում'9 միլիարդ դոլար։
Ադրբեջանում այս պահին գործում է վրացական կապիտալով ավելի քան 270 ընկերություն։ Վրաստանում գործում է ադրեջանական կապիտալով ավելի քան 200 ընկերություն։ Վրաստանի ներդրումներն Ադրբեջանի ոչ նավթային հատվածում հասնում են 76 միլիոն դոլարի, իսկ ադրբեջանական ներդրումները Վրաստանում'3,4 միլիարդ դոլար։
Բացի տնտեսական համագործակցությունը, Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան ֆորմատով ակտիվանում են նաև ռազմական կապերը։
Թբիլիսիում այս տարվա մայիսին կայանալու է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ եռակողմ ռազմական համագործակցություն հուշագիր ստորագրվի։
Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը'Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է'Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։
Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական'Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը'Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին'այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով'Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելու'դրանից բխող հետևանքներով։ Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ–ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին'դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը'Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։
Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան ռազմա–քաղաքական դաշինքը սպառնալու է ՀՀ–ի ազգային անվտանգությանն ու ուղղված է լինելու տարածաշրջանում ՀՀ–ի հետագա մեկուսացմանը։