Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը մեկնաբանելով Բենյամին Նեթանյահուի առաջիկա այցն Ադրբեջան ընդգծել է այդ այցի ռազմավարական կարևորությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Իսրայելը պատրաստվում են ստորագրել հուշագիր` անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի հարցով, ինչպես նաև Իսրայելը պարտավորվում է արդի սարքավորումներ և անվտանգության միջոցներ առաքել և տեղադրել Ադրբեջանում։
Քոենի խոսքով, Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվածության համաձայն Մոսադը համագործակցելու է Բաքվի հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում, հեղաշրջումների կանխարգելման և բազմակողմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման հարցում։
Նա հավելել է, որ այդ փաստաթղթի նպատակն է բարձրացնել Ադրբեջանի անվտանգության աստիճանը տարածաշրջանում արտաքին սպառնալիքներից և կապահովի երկկողմ շահերը տարածաշրջանում։
Մոսադի ղեկավարի այս բացահայտումը մեսիջ է ոչ միայն ՀՀ–ին, այլ նաև Իրանին ու տարածաշրջանային այլ խաղացողներին։ Շատ է խոսվել և գրվել Իսրայել–Ադրբեջան ռազմա–քաղաքական դաշինքի մասին, զենքերի մատակարարումների, Իսրայելի համար` ադրբեջանական նավթի կարևորության, սակայն այժմ երկկողմ հարաբերությունները և դրանց տեսլականը դրվում է թղթի վրա` հրապարակվում է, ինչը ռազմական դաշինքների դեպքում հազվագյուտ է արվում` շատ բաներ արվում են կուլիսներից այն կողմ։
Ադրբեջանի համար Իսրայելի հետ այս փաստաթուղթն ունի մեծ նշանակություն` Իսրայելը կարծես թե ստանձնում է Ադրբեջանի անվտանգության պաշտպանի, ապահովողի, հովանավորողի դերակատարում` փաստացի ստեղծվում է ռազմական դաշինք։ Բաքվի դեպքում հասկանալի է, թե ում դեմ է այն ուղղված լինելու` ՀՀ–ի ու ԼՂՀ–ի, իսկ Թել–Ավիվի դեպքում այն միանշանակ ուղղված է լինելու Իրանի դեմ` հակաիրանական կոալիցիա ստեղծելու ու Իրանը «բուֆերային» երկրներով շրջապատելու ռազմավարությունից ելնելով։
Իսրայելը պարտավորվում է Մոսադի օգնությամբ ապահովել Ադրբեջանի անվտանգությունը` դիտարկելով Ադրբեջանի ռազմական դոկտրինը ու Ազգային անվտանգության ռազմավարությունը կարելի է համոզվել, որ Բաքուն իր ազգային ու ռազմական անվտանգության սպառնալիք է դիտարկում ՀՀ–ին ու ԼՂՀ–ին։ Այսինքն, Իսրայելը ռազմական, հետախուզական օգնություն է ցուցաբերելու Բաքվին` Մոսադի աշխատակիցները գտնվելու են Բաքվում, դրա մասին նույնպես խոսել էր Իսրայելի հետախուզության ղեկավարը, ՀՀ–ԼՂՀ դեմ գործողություններում։
Բացի այդ, Իսրայելն ու Ադրբեջանը պայքարելու են կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ` Բաքվի պարագայում այդ որակումների տակ կարող են ընկնել ռեժիմին անցանկալի էլեմենտները` Նարդարանի դեպքերը դեռ թարմ են, ինչպես նաև ազգային–կրոնական տարբեր կազմակերպություններ` թալիշներ, ավարներ, լեզգիները և այլոք։ Իսրայելը փաստորեն պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հնարավոր կազմաքանդման երևույթներից, ինչպես նաև ստանձնում է Ալիևի կլանի պաշտպանությունը` կողմերը պարտավորվում են թույլ չտալ պետական հեղաշրջումներ։
Ինչ վերաբերվում է տարածաշրջանային դաշինքների ստեղծմանը, ապա հասկանալի է այդ դաշինքների մեջ չեն մտնելու ոչ ՀՀ–ը, ոչ էլ Իրանը։ Այդ դաշինքների, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են լինելու ՀՀ–ի, Իրանի դեմ մտնելու են Թուրքիան(թուրք օդաչուները տեղակայվել են Ադրբեջանի մի շարք ռազմաբազաներում),` թուրք–ադրբեջանական տանդեմը վաղուց գործում է, Վրաստանը` Թբիլիսին վաղուց է գտնվում Անկարայի ու Բաքվի տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի կիզակետում և հնարավոր է նաև այլ երկրներ` Սաուդյան Արաբիա, Ծոցի երկրներ, Պակիստան, որոնք Իրանին դիտարկում են, որպես հակառակորդ։
Իսրայելը նաև պարտավորվում է արդի տեխնոլոգիաներ տրամադրել Ադրբեջանին` դրանք հետախուզական իմաստով ուղղված են լինելու Իրանի դեմ, իսկ ռազմական առումով` ՀՀ–ԼՂՀ–ի` անօդաչուներ, հակատանկային համակարգեր, Երկաթե գմբեթ և այլն։
Այս համաձայնագիրը` այն կնքվելու ու վերոնշյալ կետերով կյանքի կոչվելու դեպքում առաջացնելու է Իրանի պայթյունավտանգ արձագանքը` Իսրայելն Իրանի թիվ մեկ հակառակորդն է, իսկ Ադրբեջանի ու Իսրայելի հետ այդպիսի փաստաթղթի կնքումը կարող է հանգեցնել Թեհրանի կտրուկ քայլերի` անգամ Իրան–Ադրբեջան երկաթգծի շինարարությունից հրաժարվելը, հարաբերությունների մակարդակի իջեցումը` Նախիջանի մեկուսացումը խորացնելը, ինչպես նաև ՀՀ–ին ռազմական, տնտեսական և ֆինանսական աջակցության ցուցաբերումը` իրանական ներդրումները չեն գնա Ադրբեջան, այլ կգան Հայաստան։
Սակայն դա իրականացնելու համար պետք է պատրաստ լինի նաև ՀՀ ու նրա դիվանագիտությունը` առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ նոր թնջուկ է ձևավորվում Հարավային Կովկասում` ՀՀ–ԼՂՀ–Իրան սահմանների մոտ, սակայն անկախ այս փաստաթղթի ստորագրումից Թել–Ավիվն ու Բաքուն վաղուց ռազմա–քաղաքական դաշնակիցներ են` էներգետիկ, ռազմական, ներդրումային և բազմաթիվ այլ ոլորտներում` այս փաստաթուղթը միայն ֆորմալացնելու է այն, ինչ գոյություն ունի քսան տարի դե–ֆակտո։