Ադրբեջանական SOCAR ընկերությունը մոտակա ամիսներին կսկսի հեղուկ գազ մատակարարել Պակիստանին: Այդ մասին հայտնել են Pakistan LNG Limited-ից:


SOCAR-ը դարձել է Պակիստան հեղուկ գազի մատակարարման տենդերի շահողներից մեկը:
Նշվում է, որ հեղուկ գազի առաքումները կիրականացվեն երկու փուլերով'առաջին փուլը հոկտեմբերի 10-11-ը, իսկ երկրորդը`20-21-ը:

 

Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլիարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։

 

Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Բաքուն Պակիստանից սկսել է ներկրել նաև պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։ Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե՛ տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

 

Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին: Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ'սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար' Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ:

 

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառման շուկա. անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։ Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով. շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով'Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

 

Արտյոմ Բալասանով