Բաքվում Էրդողան–Ալիև հանդիպումից հետո կայացել է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս փաստաթղթերի թվում կարևորություն են ներկայացնում արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Թուրք–ադրբեջանական կապերն' ի շնորհիվ արտոնյալ առևտրային ռեժիմի մասին համաձայնագրի, կարող են բարձրանա (հատկապես տնտեսական ոլորտում) որակապես նոր մակարդակի։ Թուրքիան արդեն իսկ արտոնյալ պայմաններ է ստեղծել' չեղարկել մաքսատուրքերը Նախիջևանից Թուրքիա ներկրվող մի շարք անուն ապրանքների նկատմամբ։
Այժմ էլ Ադրբեջանի համար Անկարան բացելու է իր 80 միլիոնանոց անընդհատ աճող շուկան (ադրբեջանական արտադրանքը կարող է արտոնյալ պայմաններով հայտնվել թուրքական շուկայում), ինչը Բաքվին կարող է հնարավորություն տալ աստիճանաբար փոխել տնտեսական զարգացման նավթագազային մոդելը'արդյունաբերական–վերամշակող մոդելի։
Նավթագազային ոլորտից ստացվող միլիարդավոր դոլարները Բաքուն ուղղում է լոգիստիկայի զարգացմանը'Բաքու–Թբիլիսի–Կարս, ТАNAP, Ալյաթ նոր նավահանգստի շինարարություն Կասպից ծովի ափին, Հյուսիս–Հարավ միջանցք'Իրան–Ադրբեջան երկաթգծի շինարարության համատեքստում, ՌԴ–Ադրբեջան սահմանին նոր կամրջի շինարարություն և դեպի Վրաստան, Իրան և ՌԴ ավտոմայրուղիների արդիականացման ծրագիր։ ԵԱՏՄ–ին անդամակցելու փոխարեն Ադրբեջանն ավելի սերտ կապեր է հաստատում երկկողմ մակարդակով եղբայրական Թուրքիայի հետ, ինչպես նաև ԵԱՏՄ–ի անդամ ՌԴ–ի, Ղազախստանի, ՎՈՒԱՄ–ի շրջանակներում'Ուկրաինայի, Վրաստանի և այլն, ինչպես նաև Իրանի հետ'երկաթգծային և այլ ներդումային ծրագրերով դուրս գալով իրանական 80 միլիոնանոց շուկա։
Ադրբեջանը վերածվում է տրանսպորտային միջանցքների խաչմերուկի'Արևելք–Արևմուտք, Հյուսիս–Հարավ ուղղություններում և զուտ նավթ ու գազ արտահանող երկրից վերածվում տարանցիկ երկրի'թե՛ երկաթգծային, ավտոմոբիլային, թե՛ ղազախական և թուրքմենական նավթն ու գազը իր խողովակային լոգիստիկայով դեպի Արևմուտք արտահանելու առումներով։
Ինչ վերաբերվում է Բաքվում ստորագրված երկրորդ փաստաթղթին' Անկարա–Բաքու ռազմա–տեխնիկական համագործակցությունը, նույնպես մեկ քայլ առաջ է գնալու․ թուրքական ռազմաարդյունաբերական բավականին զարգացած համալիրը սպասարկելու է Բաքվի շահերը'ղարաբաղյան մոտալուտ պատերազմի ֆոնին դա շատ լուրջ ահազանգ է։
Նշենք, որ մինչև 2023թ.–ը'Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, Թուրքիան կդադարի կախվածություն ունենալ արտասահմանյան զենքերի մատակարարողներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ–ի անդամ և ռազմա–տեխնիկական կոոպերացիայի մեջ գտնվելով Դաշինքի անդամ մի շարք երկրների' այդ թվում ԱՄՆ–ի, Գերմանիա հետ, ցանկանում է նվազեցնել իր ռազմական կախվածությունն ու դառնալ ինքնաբավ' իր արտաքին քաղաքականությունը ինքնուրույն սպասարկել նաև ռազմական մեթոդներով' հավանաբար Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը' քրդական ապագա պետության դեմ պայքար և այլն, ստիպում են մտածել «դաշնակիցներից» կախվածության թուլացման մասին։
Անկարան արդեն այսօր արտադրում է մի շարք զիտանեսակներ' հրթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, ռազմածովային ուժերի համար նավեր և այլն, Էրդողանն էլ ցանկանում է ռազմա–արդյունաբերական համալիրը դարձնել Թուրքիայի տնտեսության շարժիչներից մեկ ու ապագայում այդ ռազմական արտադրանքը վաճառել դաշնակիցներին'թե՛ արաբական աշխարհում, թե՛ թյուրքական աշխարհում'նվազեցնելով այդ երկրների կախվածությունը ՌԴ–ից, ԱՄՆ–ից, Իսրայելից և այլն։
Վերջերս թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն։ Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈՒ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ-ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա–օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Ադրբեջանն իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ (հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից): Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում:
Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝ փորձարկել ղարաբաղյան ճակատում:
Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով․ չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու: