Կարսում Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը դարձավ այդ երեք պետությունների համերաշխության յուրօրինակ հավաստում ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա կատարած պետական այցից անմիջապես հետո: Թուրքիայի պահվածքը հետաքրքրական է այն տեսանկյունից, որ լինելով Մինսկի Խմբի անդամներից մեկն, այդ երկիրը, փաստորեն, ՄԽ համանախագահների կողմից շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներն է անտեսել, քանի որ Վրաստանի և Ադրբեջանի հետ միասնաբար պնդել է, որ, ի թիվս այլոց, նաև Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերակայության սկզբունքով:
Այսինքն Թուրքիան մերժում է այդ Մադրիդյան սկզբունքների մասը կազմող ինքնորոշման իրավունքի վերաբերյալ դրույթը: Սա անակնկալ չէր, սակայն այստեղ կարևորն այն է, որ հակամարտությունների կարգավորման սկզբունքներին նվիրված համատեղ հայտարարությունը կարող է դառնալ Ռուսաստանի մեկուսացման հերթական արարը՝ ուկրաինական ճգնաժամը ապահովեց ՌԴ ցամաքային մեկուսացումն արևմտյան ուղղությամբ, իսկ Կարսի եռակողմ հանդիպումը կարող է դառնալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գծով մեր հյուսիսային մեծ հարևանին հարավում շրջափակելու գործնական փուլի մեկնարկը: Մեզ համար կարևոր է նկատի ունենալ, որ Հայաստանը այդ գծից, այնուամենայնիվ, դուրս է մնում, շնորհիվ Իրանի հետ ունեցած ընդհանուր սահմանի:
Արման Մելիքյան