«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ Է»
Զրույց պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
- Բայց չէ՞ որ մենք ապացուցեցինք, որ հայրենի հողի համար զոհաբերվելու չափ քաջություն ու անձնազոհություն ունենք։
-Անկեղծ ասած՝ մեր մեջ գլուխ պահողների ահռելի բանակ կա' քաջերի, հայրենասերների ու նվիրյալների կողքին։ Եթե ուզում ենք երկիր կառուցել, ապա քաղաքացու հոգեբանության մեջ պիտի ամրագրենք պետական ու հասարակական շահի գերակայության գաղափարը։ Քաղաքացի դաստիարակելու առաջին պայմանը նրա համար աշխատանք ապահովելն ու բարեկեցության երաշխիքներ ստեղծելն է։ Փորձենք հասկանալ, թե որտեղի՞ց ծնվեց «երբ երկիրը լավանա, հետ կգամ» անբարո մտածելակերպը, իսկ ո՞վ պետք է լավացնի մեր երկիրը…
Մենք լուրջ վրիպումներ ունենք քարոզչության ասպարեզում։ Մեր հակառակորդը բառիս բուն իմաստով աշխարհը հեղեղում է ստով, բայց չմոռանանք, որ սուտը հարյուր անգամ կրկնվելուց հետո չիմացողի համար ճշմարտության երանգ է ստանում։ Քարոզչությունը պետք է դառնա պետական հովանավորության ու պետական ուղղորդման առարկա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության դաշտում։
Մենք ունենք հզոր Սփյուռք, որի տնտեսական կարողությունները հասնում են 106-107 մլրդ դոլարի, բայց մենք չենք կարողանում օգտագործել այդ մեծ հարստությունը, որովհետեւ իրավական դաշտի բացակայությամբ եւ մենաշնորհային վիճակով պարզապես փակում են Սփյուռքի միջոցների ներհոսքը մեր երկիր։ Էստոնիան կարողացավ ոտքի կանգնել՝ շնորհիվ իր սփյուռքի, իսկ մեր սփյուռքը շատ ավելի հզոր է, քան Էստոնիայինը, սակայն չի կարողանում կատարել իր առաքելությունը։