Մեկ օրում Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարից Քննչական կոմիտեի պետի 5-րդ տեղակալ նշանակված, այնուհետև ժամեր անց ազատված և ԱԱԾ պետի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը մեկ տարի առաջ հակասական հայտարարություններ էր անում և չէր կարողանում հստակ ասել, թե ոնց է դարձել բավականին մեծ ունեցվածքի տեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
«Ժամանակին Արգիշտին մեկ ասում էր, թե չի հայտնելու ունեցվածքի գոյացման աղբյուրը, հետո ասում էր , թե բարեկամներն են նվիրել և որ ամենակարևորը` ինքը սեփականությունը ձեռք է բերել մինչ պետական բարձր պաշտոն ստանձնելը: Այսօրվանից արդեն նույն Արգիշտին, որպես ԱԱԾ պետի տեղակալ, պետք է զբաղվի նաև մեծ ֆինանսական կապիտալ ունեցողների օրինականության հարցերով:
Ինչպե՞ս է նա ուրիշին պահանջելու ներկայացնել ունեցվածքի գոյացման օրինական աղբյուրը հաստատող փաստեր, երբ մեկ տարի առաջ ինքը չէր ցանկանում ներկայացնել իր ունեցվածքի գոյացման աղբյուրը, ինչպես է Արգիշտին ղեկավար պաշտոն զբաղեցնելու մի ուժային համակարգում, որտեղ հայտնվել է մի գիշերվա մեջ մի քանի ժամ ֆիկտիվ պաշտոն զբաղեցնելու հետևանքով:
Բայց ամենաանթույլատրելին Նիկոլի գործողությունն էր, ով թքած ունենալով պետական կառույցների վարկանիշի վրա` Քննչականով մտավ ԱԱԾ` ևս մեկ անգամ ի ցույց դնելով վարած կործանիչ կադրային քաղաքականությունը:
Թիմը վատն է, որովհետև Նիկոլն է վատը, որովհետև թիմը Նիկոլն է ձևավորել»,– գրել է նա: