ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քաղաքականությունը մեր օդն ու ջուրն է։ Վերջին տասնամյակում մեծ ու փոքրի համար այն դարձել է սնունդի պես մի բան։ Ով կարողանում է երկու բառ իրար կպցնել, դառնում է քաղաքագետ։ Ով կարողանում է համակարգչի ստեղնաշարն օգտագործել, դառնում է գրող, ժուռնալիստ։ Խոսեց մի երկու բառ ու արդեն պրոֆեսոր է, գրեց մի երկու հատ «հոդված», դարձավ ուրիշի գրածները քննադատող մասնագետ։
Ու բոլորը խոսում են, գրում, ի լուր աշխարհի հայտնելով սեփական լավ, վատ, տհաս, աննորմալ, հիմար կարծիքները։ Ամենակարևորն այն է, որ բոլոր այդ կարծիքները կարդացող մոլեռանդ ընթերցողներ միշտ էլ կգտնվեն։
Համակարգն ու ամենատարբեր կայքեր այսօր հնարավորություն են տալիս ցանկացած մարդու ստեղծագործել ու յուր տաղանդը «շռայլորեն նվիրաբերել» հասարակությանը։ Եվ այդպես էլ կա։ Կայքերն օրվա ընթացքում չեն հասցնում տպագրել անհատների նույնքան անհատ ստեղծագործությունները։ Քաղաքականության մոլուցքով տառապողներն առավոտյան աչքերը բացելուց անմիջապես հետո սկսում են գրել։ Գրում են գրեթե բոլորը։ Բոլորը բաժանվում են երկու խմբի։
Առաջինները նրանք են, ովքեր արթնանալուց հետո անմիջապես մաքրում են ատամները, լեզուն, որպեսզի օրվա ընթացքում իրենց «հետույքամուտք» թեմաներով հայտնվեն իշխանական մարմնի համապատասխան մասում։
Երկրորդները նրանք են, ովքեր քննադատում են առաջինների կուռքերին, ապա առաջիններին՝ «լեզվի ողողումների» համար։
Այսպես սկսվում է ցանկացած օր։ Այդպես էլ այն ավարտվում է։ Է վե՞րջը։
Տասը տարուց ավելի է բոլորը գրում են։ Մի մասը գովում է, մյուսը «քլնգում»։ Բայց խնդիրը նրանում է, որ ոչինչ չի փոխվում։ Նրանք, ովքեր անընդհատ զբաղված են իշխանությունների անողոք քննադատմամբ, շարունակում են իրենց «սուրբ» պայքարը, բայց անարդյունք։
Որքան էլ գրես նախագահի մասին, ինչ էլ գրես, «հետևիցդ բոմբ էլ կրակես», նրա հեչ պետքը չէ, նա իր սև գործն անում է։ Դեռ ինքը քիչ է, կողքից էլ հարազատներն են օգնում։
Որքան էլ գրել, աղաղակել, որ կառավարությունը դեգեներատների կույտ է, միևնույն է, այդ դեգեներատները ծախու լրատվամիջոցների (որոնք շատ տոկոսն են կազմում) միջոցով ի լուր աշխարհի հայտարարում են, որ Հայաստանում տնտեսական աճ կա (սեփական գրպանների տնտեսական աճն են հաշվում) ու հանգիստ տրնգի են պարում։
Որքան էլ որ աղաղակել, որ օլիգարխները պատուհաս են, գագոն դոդ ա, սամոն՝ լֆիկ, խաչիկը՝ ձվեր, ռուբոն՝ նեմեց, մուկն էլ մեռավ գողանալով, մեկ է, ոչինչ չի փոխվում։ Մականունավորները կարդում են այս ամենը ու բոլ–բոլ ծիծաղում։
Եվ այս անարդյունք գործընթացը հավերժ շարունակելի է։ Ու կշարունակվի մինչև այն պահը, երբ մարդիկ վերջապես կսկսեն հարգել իրենք իրենց, այն ինչ այսօր իսպառ բացակայում է մեր երկրում։ Իսկ իրեն չհարգող, սեփական «եսը» չգնահատող մարդը ստանում է այն, ինչին արժանի է։ Ոչ ավել, ոչ պակաս։
Եթե այդ պահը գա, եթե յուրաքանչյուրը մի առավոտ աչքերը բացի ու հասկանա, որ երկրի մի մասնիկը նաև իրենն է, այդ պահից քաղաքական թափթփուկները, մականունավոր երեսփոխանները, օլիգարխները և Հայաստանում նրանց գոյությանը չհավատող ու անսպառ «բլթցնող գալուստները» կհագնեն չոր ու հաստ փայտի։