Լիբերմանը այցելում է Վրաստան ու Ադրբեջան։ Պաշտոնական հաղորդագրությամբ, քննարկվելու են ռազմատեխնիկական, անվտանգային բնույթի հարցեր։ Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը իսրայելական կողմի համար անհամեմատ կարևոր է Վրաստան-Իսրայել ֆորմատից։ Ավելին, Վրաստանի հետ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը հիմա գտնվում է բավական ցածր մակարդակում՝ հարավօսական պատերազմից հետո, երբ Մոսկվան դժգոհություն հայտնեց Իսրայելին ռազմական գործողություններին Վրաստանի կողմից օսերի նկատմամբ իսրայելական արտադրության ԱԹՍ-երի կիրառման հարցով։


Ըստ էության, Լիբերմանի այցը Վրաստան ռազմատեխնիկական օրակարգի մասով ունի ավելի շուտ արարողակարգային բնույթ, բուն նպատակը ենթադրում է քաղաքական նշանակության երկու կարևոր հարցեր. առաջին՝ հակակշռել Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվությունը Սիրիայում ու մասնավորապես Իդլիբում ռազմական գործողությունների համատեքստում, ասել է թե՝ խաղալ ռուս-վրացական հարաբերությունների դաշտում։ Եվ երկրորդ՝ այս այցելությունների մասով իսրայելական կողմի հիմնական նպատակը Ադրբեջանի հետ իսրայելական արտադրության սպառազինությունների նոր խմբաքանակների մատակարարման շուրջ քննարկումն է, իսկ Վրաստան այցելությամբ թերևս նպատակ կա իրանական կողմի համար չընդգծելու այցը Ադրբեջան՝ վերջինիս ղեկավարության ցանկությամբ։ Մասնավորապես Ալիևը մտահոգվելու առիթ ունի, եթե հիշենք Գյանջայի վերջին դեպքերը, Մինգեչաուրի ՋԷԿ-ի պայթյունը։

 

Կարեն Վերանյան