Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան մարտի 6–ին Բաքվում քաղաքական կոնսուլտացիաներ կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Կիևում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը։
Ըստ նրա, կոնսուլտացիաները կապված են Ադրբեջան–Թուրքիա–Ուկրաինա եռակողմ նոր ֆորմատի ստեղծման հետ։
Նա նշել է, որ քննարկվելու են տնտեսական, էներգետիկ, քաղաքական հարաբերությունները։Դեսպանը հավելել է, որ կողմերը քննարկելու են Կասպից ու Սև ծովերի միջև բեռնափոխադրումների ու էներգետիկ համագործակցության հարցերը։
Այս ֆորմատն ունենալու է աշխարհաքաղաքական ու էներգետիկ–տնտեսական, ռազմական բաղադրիչներ։
Աշխարհաքաղաքական իմաստով`Ուկրաինան ու Ադրբեջանը ՎՈւԱՄ անդամ երկիր են, ունեն չկարգավորված հակամարտություններ`Ղարաբաղ, Ղրիմ, Դոնբաս, այսինքն միջազգային հարթակներում քվեարկելու են միմյանց օգտին`տարածքային ամբողջականությանը կողմ և հանդես են գալու ՀՀ–ի դիրքորոշման դեմ։
Բացի այդ, Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ–ին`Անկարան հանդես է եկել Ղրիմի թաթարների պաշտպանությամբ ու շարունակելու է իր պանթուրքիստական նկրտումները տարածել Ղրիմի ուղղությամբ, այստեղ`հակառուսական հարթակը Թուրքիայի ու Ուկրաինայի համար միավորիչ է լինելու։
Ադրբեջան–Ուկրաինան հարաբերությունները ակտիվորեն զարգանում են`Կասպից ծով–Սև ծով էներգետիկ–տրանսպորտային միջանցքի շրջանակներում, Բաքուն նավթ է առաքում Ուկրաինային, բացի այդ, տարբեր զինատեսակներ է գնում Կիևից ու զինվում Ղարաբաղի դեմ։ Այսինքն, Կիև–Բաքու ռազմական համագործակցությունն ուղղված է լինելու Արցախի–ՀՀ–ի անվտանգության դեմ։ Բացի այդ, Թուրքիան զինում է նաև Ուկրաինային, համատեղ զորավարժություններ անցկացնում ու ունի տնտեսական շահեր ուկրաինական շուկայում։ Սև ծովում ՌԴ–ի դեմ գործելու համար Ուկրաինան պետք է հենվի սևծովյան հզոր որևէ երկրի վրա, իսկ այդ երկիրը`Թուրքիան է։
Թուրքիա–Ադրբեջան ֆորմատն էլ վաղուց բոլորին հայտնի է`ռազմա–քաղաքական, էներգետիկ–տնտեսական տանդեմն աշխատում է ՀՀ–ի դեմ։
Այսպիսով, Թուրքիա–Ուկրաինա–Ադրբեջան ֆորմատն ունենալու է հստակ աշխարհաքաղաքական հիմք`հակառուսական, ՌԴ–ի ազդեցության թուլացում, իսկ Անկարա–Բաքու տանդեմի համար` նաև հակահայկական ռազմավարություն։
Անկարա–Կիև–Բաքու հարաբերությունների հիմքում հստակ է լինելու նաև տնտեսական շահը`Ուկրաինան ցանկանում է նավթ և գազ ստանալ Ադրբեջանից ու կասպյան երկներից, իսկ Բաքուն`ՌԴ–ին զուգահեռ զենքի ու ռազմա–տեխնիական համագործակցության նոր գործընկեր կունենա։