Ադրբեջանի ներդրումներն Ուկրաինայում հասնում են 200 միլիոն դոլարի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը։
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Պորոշենկոն գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը վերսկսել է նավթի առաքումները Ուկրաինա։
Ուկրաինան պայմանավորվել է Ադրբեջանի հետ 1,3 միլիոն տոննա նավթ ներկրելու շուրջ։ Իսկ այժմ ադրբեջանական նավթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև լեհերը։
Ադրբեջանական նավթը լեհական գործարաններում ցանկանում է տեսնել լեհական խոշոր նավթավերամշակող Lotos խումբը։ Լեհաստանի հետաքրքրությունը նախադրյալներ է ստեղծում «Բաքու–Թբիլիսի–Փոթի–Օդեսա–Բրոդի–Ադամովո–Պլոցկ–Գդանսկ» նավթատրանսպորտային միջանցքի վերականգնման համար։
Կիևն ու Բաքուն տարիներ շարունակ ռազմավարական գործընկերներ են ու կազմում են այսպես կոչված էներգետիկ–տրանսպորտային տանդեմ։ Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Այդ մասին հայտնել է ադրբեջանական երկաթուղիների մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն դիմել է իրենց Ալյաթիի նավահանգստով բեռների տեղափոխությանը հոսքն ավելացնելու խնդրանքով: Ազմամեդովը նշել է, որ իրենց են դիմել նաև Լեհաստանն ու մերձբալթյան երկրները՝ Ալյաթիի նավահանգստի հզորություններն օգտագործելու խնդրանքով:
Բացի էներգետիկ–կոմունիկացիոն ոլորտից՝ Կիևն ու Բաքուն զարգացնում են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը։ Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։
Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։ Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։
Ադրբեջանն Ուկրաինայում սկսել է 10 նոր AН-178 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման գործընթացը: Օրերս Կիևի մոտակայքում տեղի է ունեցել նոր ինքնաթիռի թռիչքը և այն փոխանցվել է Silkway Azerbaijan ընկերությանը:
AН-178-ը կառուցվել է ուղևորատար Ан-158 ինքնաթիռի հիմքի վրա: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 18 տոննա բեռ կամ 70 դեսանտայինի: Ինքնաթիռի արագությունը կազմում է 825 կմ/ժամ, իսկ թռիչքի հեռահարությունը՝5500 կմ: Արժեքը՝ կախված կոմպլեկտացիայից տատանվում է 40-70 միլիոն դոլարի սահմաններում:
Ընդհանուր առմամբ՝ Ուկրաինան հանդիսանում է Ադրբեջան զենքերի և ռազմական տեխնիկայի ակտիվ մատակարարներից մեկը: Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանի պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։ Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով՝ դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»–ի չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։
«Тайпан»–ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»–ը կառավարել պաշտպանված հենակետերից։
Տնտեսական հարաբերութուններին զուգահեռ՝ ակտիվ է համագործակցությունը հումանիտար ոլորտում: Ուկրաինայում գործում է «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրես» կազմակերպությունը։ «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի» տվյալներով՝ Ուկրաինայում բնակվում է կես միլիոն ադրբեջանցի:
Ադրբեջանի տարածքում էլ բնակվում է ուկրաինական համայնքը, որը Ադրբեջանի մարդահամարի տվյալներով հասնում է 29.000-ի:
2001թ.-ին Բաքվում բացվել է Ուկրաինական մշակութային կենտրոնը, ինչպես նաև Բաքվի Սլավոնական համալսարանին կից գործում է ուկրաինական կիրակօրյա դպրոցը:
Արտեմ Բալասանով